Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Նա իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և լուսանկարին կից կատարել է հետեւյալ գրառումը․
«Երևանը` գրված ու չգրված օրենքների քաղաք: Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երևանին կամ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կամ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում:
Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես կամ, երբ կդառնաս Նավապետ: Երևանը` անթիվ անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երևանն իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով: Անասելի փոքր ու միևնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երևանը) Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»- ի քաղցրով ապրող Երևանը…
Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչև կենցաղավարություն…
Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երևանը:
…Միշտ մարդաշատ ու մարդամոտ, և այդքան միայնակ… Երևանը»: