![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի վրա վաղուց արդեն ազդեցություն չունեն արտաքին ուժերը, ինչին ականատես ենք եղել 2018 թվականից առաջ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ մեկնաբանելով ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները՝ կապված Հայաստանի հետ:
«Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով: Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, քան Վենեսուելայում: Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում, և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով՝ չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան՝ որոնք են մեր ազդեցության գոտիները, և ամեն ինչ հասկանալի կլինի»,- հայտարարել է Սոլովյովը:
Արթուր Հովհաննիսյանը նկատում է. «Այս մարդիկ հույսեր են փայփայում, երբ դրսից նշանակվում էր նախարար, որոշվում էր երկրի արտաքին քաղաքականությունը: Սոլովյովն ինձ համար ամենավերջին մարդկանցից մեկն է, որ մեկնաբանեմ, սակայն նրա թեզերը Հայաստանում կան շարունակողներ, ՀՀ-ն պատկերացնում են ՌԴ-ի ծայրագավառ: Հետո էլ ցանկանում են, որ ՀՀ-ում չառաջանան հակառուսական տրամադրություններ, ՌԴ իշխանությունները այս մարդուն իր տեղը ցույց չեն տալիս»:
Պատգամավորն այն համոզմանն է, որ հայաստանյան ընդդիմությունը բոլոր գործիքները մեկտեղելու է, որ ՀՀ-ն դարձնի ծայրագավառ. «Սակայն ծայրագավառականները հաջողության չեն հասնելու, ում ուզում են բերեն: ՀՀ-ն ազդեցության գոտի չէ այլևս: Ում վրա ստավկա են դրել, տանուլ են տվել: Մինչև քոքը մաշած են»:
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը՝ իշխող ուժի անդամն ասում է. «Սերժ Սարգսյանի համար դաչա են սարքում, հիմա հաթաթա, մատ են թափ տալիս, հասկանում եք, սա բոլորիս ամոթն է, գոնե լռեն, պատկերացնում եք՝ երկրի ղեկավարի առանձնատունը սարքում է ինչ-որ օլիգարխ ինչ-որ ծառայությունների դիմաց: Նրանք դեռ մտածում են, որ կարող են գնել մարդկանց»:
Մեկնաբանելով Սոլովյովի հայտարարությունների ֆոնին հնչող այն պնդումները, թե ժամանակն է ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հովհաննիսյանն ընդգծում է. «Վարչապետն էլ է ասել, որ ավելի շատ սպառնալիք է ՀԱՊԿ-ն այսօր մեզ համար, քան անվտանգության բարձիկ, քանի որ այն անհրաժեշտ պահին մեզ չի օգնում: Սակայն մենք առաջ ենք շարժվում ՀՀ պետական շահով: Մեր անդամակցությունը սառեցված է ՀԱՊԿ-ին, և այն որևէ խոչընդոտ չէ այլ երկրների հետ հարաբերություններ ստեղծելու համար: Դուրս գալու վերջնական որոշում և քննարկում այս պահին չկա»:
Վերջինս կրկին շեշտում է՝ Հայաստանը ո՛չ թուրքական վիլայեթ է, ո՛չ ռուսական ծայրագավառ, այլ ինքնիշխան պետություն է:
Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյանի) շուրջ բարձրացված աղմուկին, խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն ասում է. «Մենք կտրուկ գործողությունների չենք ուզում գնալ, քանի որ եկեղեցին մեզ համար սրբություն սրբոց է: Կտրիճ Ներսիսյանը սա լավ հասկանում է և Մայր Աթոռը դարձրել է իր սրբապղծություններն ու հանցագործությունները կոծկելու վայր: Եկեղեցին չի կարող օգտագործվել ազդեցության գործակալների ձեռքով ՀՀ-ի դեմ որպես հիբրիդային պատերազմի գործիք: Հուսանք՝ Կտրիճ Ներսիսյանը ողջախոհություն կգտնի իր մեջ և օր առաջ կհեռանա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()