![]()
Հայաստանի վառելիքի շուկան տարիներ շարունակ բնութագրվում էր մեկ առանձնահատկությամբ՝ բարձր և գրեթե չփոփոխվող գներով։ Անկախ միջազգային նավթի գների տատանումներից՝ տեղական շուկայում բենզինը հազվադեպ էր էժանանում, իսկ տարբեր բենզալցակայանների գները հաճախ գրեթե նույնն էին։ Սա երկար ժամանակ կասկածներ էր առաջացնում մրցակցության բացակայության և փաստացի մոնոպոլացված շուկայի մասին։
Իրավիճակը զգալիորեն փոխվեց այն պահից, երբ հայկական շուկա մտավ ադրբեջանական բենզինը, որը ներկրող տեղական ընկերություններից մեկը՝ մասնավորապես «Ran Oil» ընկերությունը, սկսեց վաճառել մոտ 100 դրամով ավելի էժան, քան շուկայում ընդունված միջին գինը։ Գնային այդ տարբերությունը կարճ ժամանակում դարձավ շուկայի համար լուրջ ազդակ։
Մի քանի շաբաթ անց ակնհայտ դարձավ, որ մյուս բենզալցակայանները ևս սկսում են իջեցնել գները։ Այն, ինչ տարիներ շարունակ «անհնար» էր թվում, հանկարծ դարձավ իրականություն։ Սա ցույց տվեց մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ խնդիրը ոչ թե ծախսերի անխուսափելի բարձր մակարդկան էր, այլ մրցակցության բացակայությունը։ Փաստացի, ադրբեջանական էժան բենզինը շուկա բերեց հենց այն, ինչ երկար ժամանակ պակասում էր՝ իրական մրցակցություն։
Երբ հայտնվում է այլընտրանք՝ մոնոպոլ վարքագիծը սկսում է քանդվել, իսկ գները կարգավորվել շուկայական մեխանիզմներով, ոչ թե կուլիսային պայմանավորվածություններով։
Այս գործընթացի գլխավոր շահառուն, բնականաբար, սպառողն է։ Ավելի ցածր գինը նշանակում է ոչ միայն վառելիքի ծախսերի կրճատում, այլ նաև շղթայական ազդեցություն՝ տրանսպորտի, ծառայությունների և ապրանքների ինքնարժեքի վրա։ Տնտեսության համար սա ունի շատ ավելի լայն նշանակություն, քան պարզապես բենզինի գնի նվազումը։
Այս օրինակը ցույց է տալիս, որ տնտեսությունը չի առաջնորդվում զգացմունքներով կամ քաղաքական լոզունգներով։ Այն գործում է մրցակցության, առաջարկի և պահանջարկի օրենքներով։ Երբ շուկան բացվում է, նույնիսկ նախկինում «կոշտ» թվացող մոնոպոլիաները սկսում են փլուզվել։
Եզրակացությունը պարզ է՝ անկախ ծագումից, էժան և որակյալ ապրանքը, որը ստեղծում է մրցակցություն, աշխատում է տնտեսության և հասարակության օգտին։ Իսկ փակ շուկաներն ու արհեստական սահմանափակումները միշտ աշխատում են սպառողի դեմ։
Այս ամենը նաև քաղաքական ու հանրային դիսկուրսի կարևոր փորձություն է։ Տնտեսությունը չի առաջնորդվում «բարեկամ–թշնամի» տրամաբանությամբ։ Այն արձագանքում է թվերին, պայմաններին և մրցակցությանը։ Երբ շուկա է մտնում ավելի էժան առաջարկ, անկախ դրա ծագումից, այն սկսում է փոխել խաղի կանոնները։ Փակ շուկան պաշտպանում է մոնոպոլիաներին, բաց շուկան՝ սպառողին։
Վառելիքի շուկայի այս օրինակը պետք է ընկալել ոչ թե որպես մեկ շուկայի բացառություն, այլ որպես դաս՝ բոլոր ոլորտների համար։ Բաց տնտեսությունը վտանգ չէ, այլ պաշտպանություն՝ սպառողի, մրցակցության և երկարաժամկետ զարգացման համար։
![]()