![]()
ԱԺ ՔՊ խմբակցության պատգմավոր Արման Եղոյանը գրում է.
Հայկական մամուլում փնտրում ու չեմ գտնում Ռուսական պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է հատուկ ռազմական գործողություն սկսել։ Ոչ միայն այդ հայտարարությունը չեմ գտնում, այլ` չեմ տեսնում նաև դրա վերաբերյալ քննարկումներ, հարցեր, հարցումներ, կարծիքներ, բանավեճեր, հրատապ մամուլի ասուլիսներ, շտապ հավաքներ։ Տեսա միայն կարծիք հարցնողների վրա մի երկու հոգու մունաթ, իսկ բուն ասվածի վերաբերյալ քննարկումներ մեր ազատ մամուլը ե՞րբ է սկսելու։
Թուրքիայի ու Ադրբեջանի հայտնի ու անհայտ լրագրողների, փորձագետների, բլոգերների, պատահական անցորդների խոսքը հայկական մեդիա բերող և դրանց վրա աշխարհքաղաքական վերլուծություններ կառուցող, հեռախոսը ձեռքներին, հունվարյան սառույցի վրայով վազելով հարցեր տվող լրագրողներն լուռ են, չեն նկատել աշխարհում ամենահայտնի ռուս լրագրողի սպառնալիքը։ Լուռ է նաև ընդդիմությունը։ Մեր բազմաթիվ թուրքագետների, ադրբեջանագետների, ցորենագետների ու բենզինագետների կողքին գոնե մի երկու ռուսագետ չկա՞, գոնե նրանք մի փորձագիտական կարծիք ասեին։
Ղազախական ցորենի լաբորատոր փորձաքննության հետևից Միջին Ասիայի հեռուները հասնում են, Լուգանսկի քաղաքացի, Հայաստանում անհայտ մի թուրք լրագրողի կեղծ լուրը Հայաստանում 10 մզկիթներ կառուցելու մասին տարածում են, բայց պարոն Սոլովյովին անտեսում են։
Տիկնայք և պարոնայք, ինչու՞ մեր հանրությանը չեք տեղեկացնում Ռուսաստանից հնչող այս սպառնալիքի մասին և մեկնաբանում այն։ Ինչու՞ այն չեք դարձնում քննարկման թեմա։ Դա էակա՞ն չէ, ոմն Օկայ Դեպրեմից ավելի քիչ ուշադրության արժանի՞ է Վլադիմիր Սոլովյովը։ Չկա֊չկա, այն երկուշաբաթական ֆրանսիական դոմեյնով սունկ կայքի չափ էլ չկա՞, որ կեղծ լուր էր տարածել, թե վարչապետը Մարսելում իբր առանձնատուն է գնել։ Լուրջ չեք վերաբերվու՞մ իր ասածին, թե՞` համարում եք, որ վատ բան չի ասել։
![]()