Մարդկանց թվում է՝ եթե Երևանը վերածվի անտառի, օդի որակը կլավանա, բայց այդպես չի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին՝ նշելով, որ կենտրոնացել են ավելի շատ վերլուծական տվյալներ հավաքելու և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ իրականացնելու վրա։

«Մենք հատկապես կկարողանանք իրականացնել ինվերսիոն շերտի կանխատեսումներ։ Սա նշանակում է, որ օդի որոշակի բարձրության վրա կարող են հայտնվել վատ ցուցանիշներ, և երբ այդ շերտն իջնում է Արարատյան գոգավորության վրա՝ Երևանում, Արտաշատում, Վեդիում, Փոքր Վեդիում և նույնիսկ Թուրքիայի որոշ շրջաններում, արձանագրվում են նմանատիպ խնդիրներ»,– ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ այդ կանխատեսումների շնորհիվ հնարավոր կլինի ծրագրել և իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

«Շատ հաճախ լսում եմ կարծիքներ, որ եթե Երևանը վերածվի մեծ անտառի, օդի որակի խնդիրները կլուծվեն։ Սակայն սա իրականությանը չի համապատասխանում։ Օրինակ՝ Սարաևոյում (Բոսնիա և Հերցեգովինա), որը նախևառաջ անտառային, ապա քաղաքային տարածք է, օդի ցուցանիշները շարունակում են խայտառակորեն բարձր մնալ։ Ներքին կանաչապատումը, որքան էլ լայնածավալ լինի, մեծ ազդեցություն չի ունենում»,– նշել է քաղաքապետը՝ շեշտելով կանխատեսումների կարևորությունը՝ հետագա գործողություններն արդյունավետ պլանավորելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ