![]()
Նատալի Ալեքսանյանը գրում է.
Սոլովյովի խոսքը ոչ թե կարծիք է, այլ բացահայտ սպառնալիք պետություններին
Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարությունները հերթական անգամ ապացուցեցին մի պարզ ճշմարտություն․ խոսքը ոչ թե լրագրողի, ոչ թե վերլուծաբանի, այլ կայսերական մտածողությամբ սնվող քարոզչի մասին է, որը բաց տեքստով քարոզում է բռնություն, ագրեսիա և միջազգային իրավունքի ոչնչացում։
Երբ մարդը հրապարակավ ասում է՝ «թքած ունենալ միջազգային իրավունքի վրա» և առաջարկում «Հատուկ ռազմական գործողություն» իրականացնել ինքնիշխան պետությունների՝ այդ թվում Հայաստանի տարածքում, դա այլևս հռետորաբանություն չէ։ Դա քաղաքական ահաբեկչության լեզու է, ուղղված ոչ միայն կոնկրետ երկրների, այլ ամբողջ միջազգային կարգի դեմ։
Հայաստանը ոչ մեկի «ազդեցության գոտին» չէ։
Հայաստանը անկախ պետություն է, ՄԱԿ-ի անդամ, միջազգային իրավունքի սուբյեկտ, և ոչ մի ռուս քարոզիչ, նույնիսկ եթե նա ամեն օր ելույթ է ունենում Կրեմլին մոտ կանգնած հարթակներից, իրավունք չունի կասկածի տակ դնել ՀՀ պետականությունը։
Սոլովյովի խոսքը բացահայտում է մի վտանգավոր իրականություն․ ռուսական քարոզչության մի մասը այլևս չի էլ փորձում ձևացնել, թե հարգում է դաշնակիցներին, պայմանագրերը կամ սահմանները։ Նրանց տրամաբանությամբ՝ ով չի ենթարկվում, պետք է «խաղերն ավարտված» հայտարարելով ճնշվի ուժով։
Սա պետք է հստակ հասկանալ նաև Հայաստանում․ լռությունը նման հայտարարությունների հանդեպ դառնում է խրախուսում։ Երբ մեկը խոսում է քո երկրի վրա «ՍՎՕ» իրականացնելու մասին, դա այլևս ներքին ռուսական քննարկում չէ, այլ ուղղակի սպառնալիք քո անվտանգությանը։
Հայաստանը պարտավոր է քաղաքական, դիվանագիտական և հանրային մակարդակներում հստակ արձագանքել նման խոսքերին։ Ոչ թե վախից, այլ ինքնահարգանքից։ Ոչ թե հիստերիայով, այլ սառնասրտությամբ ու փաստերով։
Որովհետև այսօր Սոլովյովն է ասում «թքած ունենալ միջազգային իրավունքի վրա», իսկ վաղը նույն այդ բառապաշարը կարող է հնչել արդեն ոչ թե ստուդիայում, այլ որոշումների մակարդակում։
Եվ այստեղ մեկ բան պետք է հստակ ասել․
Հայաստանը գաղութ չէ, մարզ չէ և երբեք չի լինելու որևէ կայսրության «ազդեցության գոտի»։
![]()