Պատվո շքանշանով 2013 թ.-ին պարգեւատրվեց Սոլովյովը. զրկել այդ մոլագարին շքանշանից. Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գրել է.

« Պատվո շքանշանը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է, որը 2002 թ. օգոստոսին ուժի մեջ է մտել «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքով։

Այդ Պատվո շքանշանով 2013 թ․ դեկտեմբերին պարգեւատրվեց ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև մեր երկրների միջև խաղաղություն ամրապնդելու գործում նշանակալի ավանդ ներդնելու համար»։

Այս օրերին «նշանակալի ավանդ ներդրած» անձը «Հայաստանը չկորցնելու» համար պահանջում է հատուկ ռազմական գործողություն սկսել մեր երկրի դեմ։ «Ինչպես դա գործարկեցինք Ուկրաինայի տարածքում», — հավելում է նա։

Հիշեցնեմ, որ Ուկրաինա ներխուժման հետևանքներն են հողին հավասարեցված հարյուրավոր բնակավայրեր, տուն ու տեղ կորցրած միլիոնավոր տեղահանված քաղաքացիներ, տասնամյակներով աղտոտված բնություն, սպանված երեխաներ, հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր հաշմանդամներ, դժողքի վերածված ծաղկող երկիր․․․։ «Հայաստանի հանդեպ սերն ու հարգանքը միշտ արտահայտող» Վ․ Սոլովյովը նույնը առաջարկում է իրականացնել իր «սիրած երկրի» հանդեպ։

Իսկ ինչ՞ կարող ենք անել մենք։ Առնվազն, մի շատ պարզ քայլ․ ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից։ Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող եւ ընդհանրապես մարդատյաց խելագառը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ