![]()
Իրանը ձգտում է ազատության, թերևս առավել, քան երբևէ։ Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»,-նշել է նա։
Իրանում ցույցերը չեն դադարում 2025 թվականի դեկտեմբերի 28-ից։ Այդ օրը Թեհրանի գլխավոր քաղաքային շուկայի խանութների սեփականատերերը փակել են իրենց խանութները՝ ի նշան երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ բողոքի։ Հետագայում ցույցերին միացել են նաև երկրի այլ խոշոր քաղաքների բնակիչները։
Դեկտեմբերի 30-ին տեղեկություններ են հայտնվել ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, ինչպես նաև այն մասին, որ ուժայինները ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ։ Ժամանակի ընթացքում բողոքը ձեռք է բերել քաղաքական բնույթ․ մասնակիցների շրջանում հնչել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսին է «Մահ Խամենեիին»։ Խոսքն Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մասին է։
Հետագայում ցույցերը վերածվել են անկարգությունների։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի տվյալներով՝ հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում հրկիզվել է ավելի քան 50 բանկ և մի քանի պետական հիմնարկ, իսկ կրակից ոչնչացվել է ավելի քան 30 մզկիթ։
Բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Թեհրանի փողոցներում և սահմանափակել ինտերնետի հասանելիությունը։ Իրավապաշտպան տեղեկատվական HRANA գործակալության տվյալներով՝ հունվարի 9-ի դրությամբ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է առնվազն 65 մարդ՝ այդ թվում անվտանգության ուժերի 15 աշխատակից և 50 ցուցարար, իսկ ավելի քան 2300 մարդ ձերբակալվել է։ Անկարգությունների գագաթնակետը գրանցվել է հունվարի 8-ի երեկոյան, երբ զոհվել է առնվազն 11 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, ինչպես նաև իրավապահ մարմինների մի քանի աշխատակից, մասնավորապես՝ Էսֆերայեն քաղաքի դատախազը։
Այաթոլլա Ալի Խամենեին զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցներին անվանել է «սադրիչներ» և մարդիկ, որոնք «վնասում են երկրին»։
![]()