Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի հայտարարություն

Սիրելի՛ ծառայակից եղբայրներ, հավատացյալներ և հավատարիմ ու աշխարհասփյուռ ժողովուրդ․

Ելնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալված խիստ մտահոգիչ իրողություններից, որոնք այլևս վերածվել են խորացող ճգնաժամի և առաջնորդվելով մեր խղճի, Ամենախնամ Աստծու և Մայր Եկեղեցու հանդեպ ստանձնած ուխտի և հավատարմության, պատմության ու սերունդների նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ՝ համակարգող խորհրդի անունից պարտավորված ենք կրկին բարձրաձայնել այն, ինչը երկար ժամանակ է արդեն քայքայում է Եկեղեցական և հանրային մեր կյանքը և որի մասին ցանկացած խոսք փորձ է արվել լռեցնել Մայր Աթոռի վերնախավի կողմից։

Այնքան ժամանակ քանի դեռ մեր Առաքելական և Լուսավորչի Սուրբ Գահին գտնվող անձն ազնիվ կերպով, խղճմտանքով և զղջումով, հրապարակայնորեն, հստակ և սպառիչ կերպով չի անդրադարձել տարիներ ի վեր հանրայնորեն իրեն ուղղված ծանրագույն մեղադրանքներին՝ ներառյալ.

Կամայական և կողմնակալ կառավարումը,
Ազգային և համաքրիստոնեական սրբությունների հանդեպ գործած, ոտնձգությունները (Սուրբ Գեղարդի և այլ սրբությունների օտարում),
Սրբազան ավանդության աղավաղում և պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունք,
Հակապետական և ապազգային գործունեությունը,
Նիկիայի Տիեզերական Ա Սուրբ ժողովի թիվ 15 և 16 կանոններին հակառակ, թեմակալ առաջնորդներին շրջանցելով, թեմերի կանոնական տարածքներում իրականացված ապօրինի միջամտությունները (ինչպես օրինակ՝ այլ թեմերից կամ Մայր Աթոռից նոր հոգևորականների ծառայության «հայրապետական տնօրինությամբ» կոչելը կամ գործող հոգևորականներին թեմից նույն կերպով հեռացումն ու արձակումը,
Քահանայից ու սարկավագաց ձեռնադրութան, ալև դպրաց տվչության պարագայում եպիսկոպոսական իշխանության և առաքելահաստատ ու ավանդական իրավունքի արգելքը, և իվերջո առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի ծառայության անարդար կասեցումը,
Եկեղեցու բարենորոգության նախաձեռնությանը միանալ ցանկացող նոր վարդապետ և քահանա հայրերի, ինչպես նաև սարկավագաց դասի հանդեպ կիրառվող ճնշումը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ բնական և կանոնական ընթացքով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը ոչ լեգիտիմ և մերժելի է համարում Ամենայն Հայոց Հայրապետի գահը զբաղեցրած անձի կողմից ս․թ․ հունվար 10-ին հրապարակած Մասյացոտն Թեմի Առաջնորդ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու ապօրինի ցուցումների պարտադրումը։

Մենք անընդունելի ենք համարելու նաև այլ հոգևորականնրի հանդեպ առաջիկայում սադրանքի, կաշառքի և բարոյա-հոգեբանական ճնշման դրսևորումը, որպես կառավարման ապօրինի գործիքակազմ։ Անընդունելի և դատապարտելի ենք համարելու նաև մեզ միացած հոգևորականների դեմ ուղղված ապատեղեկատվական և վարկաբեկիչ արշավների կազմակերպումն ու խրախուսումը և Կաթողիկոսարանի ու Դիվանատան կողմից նման արարքների միտումնավոր համակարգումը տարբեր լրատվամիջոցների ու անհատների միջոցով։ Հայրապետական վեհ պաշտոնը զբաղեցրած անձի նման գործելակերպը խորապես և անդառնալիորեն վնասում են թե’ եկեղեցու ներքին միասնությանը և թե’ հավատավոր ժողովրդի վստահությանը։

Սույն իրողությունների լույսի ներքո մենք հայտարարում ենք, որ մինչև նշված հարցերին չտրվի եպիսկոպոսաց ողջ դասի համար ընդունելի և արժանապատիվ պատասխան, առանց ավելորդ ձեռնածությունների, այլ` եկեղեցական կանոններով հիմնավորված, Հայրապետական գահը զբաղեցրած անձի կողմից ընդունվող ցանկացած որոշում, արձակված վճիռ, ստորագրած տնօրինություն, կոնդակ, հնչեցված հորդոր, տրված ցուցում կամ արձակված հրաման, ինչպես նաև իր նախագահությամբ կազմակերպված յուրաքանչյուր խորհուրդ, հանձնաժողով կամ ժողով և մասնավոր խմբակային որոշում համարում ենք ոչ լեգիտիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար։

Վերստին հավաստիացնում ենք, որ այս դիրքորոշումը չի բխում անձնական հակասություններից կամ պահի ազդեցության զգացմունքայնությունից, այլ ծնունդն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի պետականության և հավատավոր ժողովրդի հանդեպ ունեցած մեր անշահախնդիր սիրո և ծառայական պարտքի։

Պատմությունը վստահաբար կգնահատի ամենքիս լռության կամ խոսքի գինը։ Այդ իսկ պատճառով մենք ընտրում ենք ազնվորեն խոսել և գործել՝ ի սեր Ամենախնամ Տիրոջ, Հիսուս Քրիստոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ժողովրդի հոգևոր ապագայի։

«Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։»

Ա Թեսաղոնիկեցիներին 5:23

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ