![]()
Իրավագետ Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ. եկեղեցու ներգրավվածությունը քաղաքականությանը ֆեոդալական մնացուկ է, երբ եկեղեցին ոչ միայն հոգևոր֊կրոնական կառույց էր, այլև խոշոր հողատեր֊ավատատեր։
Ընդ որում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր֊քաղաքական երկվությունը ողջ միջնադարում ունեցել է ավերիչ հետևանքներ, որոնց գագաթնակետը բյուզանադամետ կաթողիկոս Պետրոս Գետադարձի և Վեստ Սարգսի կողմից կազմակերպված դավադրությունն էր, որի արդյունքում նշյալ գործիչները պաշարված Անի մայրաքաղաքը հանձնեցին բյուզանդացիներին’ վերջ դնելով հայոց ինքնիշխան պետականությանը։
Կուսակցականությունը, իշխանության համար պայքարում բևեռ դառնալուն հավակնելն ուղղակիորեն հակասում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակին և, ըստ էության, հակասում է նաև Ավետարանի կանխադրույթներին։ Մասնավորապես, ի պատասխան օրենսգետների այն հարցին, թե ինչու է մետաղադրամի վրա պատկերված (Հռոմի) կայսրը, եթե Հիսուս Քրիստոս իրեն թագավոր է հռչակում` մեր Տեր Հիսուս Քրիստոս պատասխանել է ,,Կայսրինը կայսրին, Աստծունը` Աստծուն,,։
Այսինքն` մարդն ունի հավատարմության երկու սուբյեկտ` պետությունը և եկեղեցին, որոնք զուգահեռվում, սակայն չեն մեկտեղվում և ունեն գործառութային հստակ տարանջատում։
Հետևապես, ազգային եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին a priori ընդհանրական է և չի կարող կուսակացամետ լինել։
Ճշմարտությունը շատ հստակ է, և մանիպուլացման տեղ պարզապես չկա։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային ոգու հոգևոր պատվարն է, կամուրջն Աստծո հետ, ուստի` ո’չ մեր ձևով, ո’չ ուրիշ ձևով, ո’չ բարգավաճ, ո’չ դաշնակցական և ոչ էլ այլ եղանակով չպիտի լինի կուսակցական պայքարում։
![]()