Հալեպում հրադադար է հաստատվել

Հալեպում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3:00-ից:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի ՊՆ-ն՝ նշելով, որ որոշումը կայացվել է քաղաքում իրավիճակը թուլացնելու համար։

Հալեպում 3 օր շարունակ ընթանում էին մարտեր Սիրիայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև։

Երեքշաբթի օրը Հալեպի երկու քրդական թաղամասում ընթացել են հրետանու կիրառմամբ մարտեր։ Տեղական աղբյուրների համաձայն՝ առաջին օրը զոհվել է վեց մարդ։

Reuters-ի փոխանցմամբ՝ գիշերը հարաբերական դադար է եղել, սակայն չորեքշաբթի մարտերը վերսկսվել են։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 18-ը։

Չորեքշաբթի Սիրիայի կառավարությունը պահանջել է, որ քուրդ մարտիկները լքեն Հալեպի Շեյխ Մասուդ և Աշրաֆիե քրդական թաղամասերը։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսարևելյան մասում, նաև Հալեպում ստեղծել են իրենց ինքնավար շրջանները։

Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF), մինչև 2025 թվականի վերջը Դամասկոսի նոր իշխանությունների հետ կնքված համաձայնագրի համաձայն, պետք է միավորվեին սիրիական բանակի հետ։ Այժմ երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում այդ ծրագրի ձախողման համար։

Հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ից, Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերը հայտարարվել են «փակ ռազմական գոտիներ»՝ ստեղծելով «երկու անվտանգ մարդասիրական միջանցք» խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար, հաղորդել է է Agence France Presse-ը։

AFP-ի թղթակիցները Հալեպում ականատես են եղել, թե ինչպես են հազարավոր մարդիկ լքում այդ թաղամասերը։ Տեղացի դիտորդները նշել են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգվող հակամարտությանը։

Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Թուրքիան սերտ կապեր է հաստատել Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։

Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի անգամ հարձակվել է սահմանային շրջաններից SDF-ին հետ մղելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ