«Բարերարության» դիմակի տակ՝ համակարգված թալան

Խոսելով Սամվել Կարապետյանի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է․«Այդ բարերարը թող էլեկտրաէներգիա ապահովեր: Ոչ մեկն իր հաշվին բարերարություն չի արել, այդ բոլոր բարերարություններն արվել են մեր հաշվին, սպառողների հաշվին, էլեկտրաէներգիայի մատակարարման մանիպուլյացիաների արդյունքում յուրացումների և գումարներ ձեռք բերելու, տոկոսներով վարկեր վերցնելու, և տոկոսները մեր հաշվին փակելու հաշվին»:

Անխոս դժվար է չհամաձայնել վարչապետի խոսքի հետ։ Երբ ասում են՝ «բարերար», առաջինը պետք է հարցնել՝ ո՞ւմ հաշվին։ Եթե բարեգործությունը արվում է ոչ թե սեփական, այլ հանրային գրպանից, դա բարերարություն չէ, դա ցինիկ հաշվարկ է՝ փաթեթավորված բարոյականության փայլաթիթեղով։

Այդ «բարերարը», որի մասին այսօր փորձում են լեգենդներ հյուսել, թող ժամանակին կատարեր իր հիմնական պարտավորությունը՝ կայուն, արդար և թափանցիկ էլեկտրամատակարարում ապահովեր։ Մնացածը երկրորդական է։ Երբ տարիներ շարունակ ՀԷՑ-ը սպառողներին ավել ծախսեր է գրել, ուռճացրել է հաշվարկները, մանիպուլյացիաների միջոցով ստեղծել է արհեստական պարտքեր՝ ո՞ւր էր այդ բարեգործ «հերոսը»։

Տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում եղել են՝ հաշվիչների մանիպուլյացիաներ, տեխնիկական կորուստների կեղծ ուռճացում։ ՀԷՑ-ը կասկածելի վարկեր է վերցրել, որոնց տոկոսների մարումը սակագնի մեջ է թաքցրել, այսինքն ՀԷՑ-ի վարկերը փակվել են սպառողի հաշվին։ Իսկ ովքեր են սպառողները՝ նրանք թոշակառուներն են, որոնք ձմռանը լույսն ու ջեռուցիչը խնայել են, սահմանը պահող զինվորների ընտանիքներն են, որոնք վերջին դրամով փակել են էլեկտրաէներգիայի պարտքերը, բանակն է, դպրոցն է հիվանդանոցն է։ Փաստացի ՀԷՑ-ի նախկին ղեկավարները ձեռքերը մտցրել էին սովորական մարդկանց գրպանները և դատարկում էին դրանք։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ ղեկավարել են մի համակարգ, որտեղ կասկածի տակ է դրվել ամեն մի կիլովատտի արդար հաշվառումը, այսօր փորձում են ներկայանալ որպես «ազգի փրկիչներ»։

Կա մի պարզ ճշմարտություն՝ եթե քո «նվիրատվությունը» գոյացել է հանրային թալանի արդյունքում, ապա դա նվիրատվություն չէ, այլ մեղմ ասած կեղծավորություն։ Եվ վերջապես պետք է հասկանալ, որ ՀԷՑ-ի ղեկավարի կամ սեփականատիրոջ պարտականությունը բարեգործ լինելը չէ, այլ այդ ռազմավարական կարևոր կառույցի թափանցիկ, ճիշտ և արդար կառավարումն է։ Մինչդեռ Կարապետյանները քաղաքացիներին սեփական բիզնեսի ռիսկերի պատանդն են դրաձրել։

Հայաստանի քաղաքացին այլևս լուռ դիտորդ չէ։ Տարիներ շարունակ լույսի անվան տակ կուտակված ֆինանսական ու բարոյական «խավարը» չի վերանում մեկ-երկու աղմկոտ բարեգործական ժեստով։ Եթե բարեգործությունն արվում է սպառողների հաշվին ապա այսօր «սուրբ» ձևանալը ոչ միայն ցինիզմ է, այլև հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ