![]()
Հայաստանում կա մի երևույթ, որը հեղափոխությունից առաջ հիմնականում կենտրոնացած էր իշխանության ձեռքում, իսկ հեղափոխությունից հետո՝ ընդդիմադիր դաշտում գործող կենտրոնների ազդեցության տակ. խոսքը լրատվամիջոցների մի էական հատվածի մասին է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով.
«Մինչ հեղափոխությունը բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսապես կախված էին իշխանությունից և այդ պատճառով սահմանափակ էին իրենց քննադատության մեջ։
Հեղափոխությունից հետո այդ կախվածությունը փոխվեց․ այսօր մեդիայի զգալի հատվածն այլևս չի ֆինանսավորվում իշխանության կողմից, սակայն հայտնվել է ընդդիմադիր դաշտում գործող խոշոր ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան։
Արդյունքում ձևավորվել է միջավայր, որտեղ մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող շրջանակները փորձում են երկարաժամկետ և ինտենսիվ կերպով առաջ մղել իրենց քաղաքական օրակարգը՝ հաճախ կիրառելով ապատեղեկատվություն, միակողմանի ներկայացում և սուր հակաքարոզչություն իշխանության դեմ։
Հանրային դաշտում լայնորեն շրջանառվում են տեղեկություններ, որ որոշ քաղաքական ուժեր իրենց աֆիլացված մեդիայի աշխատակիցներին վճարում են միլիոնների հասնող աշխատավարձեր։ Արդյունքում մարդիկ խնդիր չունեն մի կողմ դնել լրագրողական էթիկան, զբաղվել ինքնագովազդով և զուգահեռաբար իշխանությունների դեմ ատելության խոսք տարածել։
Խնդիրը քննադատության մեջ չէ. քննադատությունը անհրաժեշտ է ցանկացած առողջ քաղաքական համակարգում։ Խնդիրը մեխանիզմի մեջ է, երբ մեդիան դադարում է գործել հանրային շահի համար և սկսում է ծառայել կոնկրետ ֆինանսավորողների կամ քաղաքական կենտրոնների նպատակներին։
Այդ պահին լրագրողական էթիկան մղվում է երկրորդ պլան, իսկ տեղեկատվական դաշտը վերածվում է մանիպուլյացիայի գործիքի։
Նույն այդ լրատվամիջոցները, որպես կանոն, ամբողջությամբ ընդդիմադիր չեն դիրքավորվում․ նրանք ընտրողաբար են հարթակ տրամադրում տարբեր ուժերի ներկայացուցիչներին, սակայն իրենց ֆինանսավորողների անգամ ամենացածրորակ կամ անիմաստ գրառումները ակտիվորեն տարածվում են։
Այս ֆոնին որակյալ, անկախ և հավասարակշռված մեդիան հազվադեպ է երևում․ այն պարզապես չի կարող ֆինանսապես մրցել հզոր, բայց բովանդակային առումով դատարկ և ցածրորակ արտադրանքի հետ։
Սա լրագրողական ազատության դեմ խոսք չէ, ընդհակառակը՝ ակնկալիքն այն է, որ լրագրողներն ու լրատվամիջոցները լինեն այնքան անկախ և պրոֆեսիոնալ, որ կարողանան օբյեկտիվորեն քննադատել իշխանություններին՝ միաժամանակ չլռելով մյուս քաղաքական դերակատարների սխալների մասին։
Այս երկրում կան նաև բազմաթիվ դրական գործընթացներ, որոնք նույնպես արժանի են լուսաբանման»։
![]()