![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը վստահեցնում է՝ պարտադիր ժամկետային զորակոչի ժամկետը կրճատելու հետ կապված բազմաթիվ դրական ազդակներ են ստանում, հատկապես այն ծնողներից, որոնք իրենց երեխաներին պատրաստվում են բանակ ուղարկել:
«Ծնողների անհանգստությունները նվազել են, քանի որ հիմա շատ ավելի ապահով Հայաստան ունենք: 2025 թվականն էլ համարվում է բացառիկ տարի խաղաղություն լինելու առումով: Աննախադեպ է նաև, որ նախարարների որդիներն են այժմ ծառայում, ինչպես վարչապետի որդին ծառայեց, նախկինում չէիր տեսնի, որ պաշտոնյաների նույնիսկ հեռու բարեկամները ծառայեն, Հայաստանի քաղաքացի չէին դառնում, որ չծառայեն»,- նկատում է նա:
Իշխող ուժի անդամը միաժամանակ ընդգծում է՝ գնում են պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով, և պայմանագրայինների թիվը օր օրի ավելանում է. «Վստահությունը, որ խաղաղությունն այսօր կա, մարդիկ ունեն»:
Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հագուստների և զարդերի շուրջ ընդդիմադիր շրջանակների քննադատություններին՝ Ղազարյանն ասում է՝ քննադատելով փորձում են շեղել ուխտերթի կարևորությունը. «Մարդկանց ճիշտ բովանդակությունից շեղելու քայլ է կատարվում: Տարիներ շարունակ արվել է ամեն ինչ, որ հասարակությունը գիրք չկարդա, քանի որ չկրթված քաղաքացուն հեշտ է կառավարելը»:
Ինչ վերաբերում է նախկին ՄԻՊ, այժմ քաղաքական թատերաբեմ նետված Արման Թաթոյանի այն պնդումներին, թե համալսարանները քաղաքականացված են, պատգամավորը նկատում է. «Եթե համալսարանները քաղաքականացված լինեին, խմբերով ուսանողներ կլինեին մեր տարբեր հավաքներին, ինչը առաջ արվում էր: Այսօր բուհերում բազմաթիվ ընդդիմադիր դասախոսներ են դասավանդում և քաղաքական զրույցներ անում․ եթե քաղաքականացված լինեին բուհերը, նրանք չէին դասավանդի»:
Խոսելով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռացման պահանջի մասին՝ Ալխաս Ղազարյանն ասում է՝ մարդիկ, որոնք պետք է պահեին կապը՝ ժողովրդի և եկեղեցու, զբաղված են քաղաքական գործունեությամբ. «Եկեղեցու ներսում կա ճգնաժամ: Եկեղեցականները Կտրիճի գլխավորությամբ չեն զբաղվում հոգևոր կյանքով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()