![]()
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պաշտոնական պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող մի շարք, ընկերության բնորոշմամբ՝ ոչ արժանահավատ և ակնհայտ խեղաթյուրված տեղեկությունների։
«Տեղեկացնում ենք, որ 2025 թ. համար Ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և Ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025 թ. հուլիսի 1-ի դրությամբ, Ծրագրի փաստացի կատարման ցուցանիշը կազմել է շուրջ 12,8 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ ֆինանսական տարվա առաջին կեսի ավարտին կատարված էր հաստատված ծրագրի ընդամենը 27 %-ը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ, ի թիվս բազմաթիվ այլ համակողմանի ուսումնասիրությունների և վերահսկողական գործառույթների, նախաձեռնվել են նաև Ընկերությունում Ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական արժեշղթայում ներգրավված կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի պայմանների (գնումների և մատակարարումների գնագոյացումների, կապալի աշխատանքների արտապատվիրակման պայմանների և այլն) համալիր ուսումնասիրություններ, ինչից պարզ է դարձել, որ Ներդրումային ծրագրի իրականացման ողջ արժեշղթան մինչ այդ ՀԷՑ-ում իրականացվել է բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի մաս հանդիսացող կամ սեփականատերերին ու վերջիններիս մերձավոր շրջապատին ուղղակիորեն փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ շուկայական արժեքներից զգալիորեն ուռճացված գներով և կապալի աշխատանքների, մատակարարումերի ու ծառայությունների մատուցման ժամկետների էական խախտումներով։
Դրանով պայմանավորված՝ ՀԷՑ-ում մեկնարկել է մասշտաբային գործընթաց՝ մասնավորապես Ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքները դուրս բերելու ակնհայտ մենաշնորհային փակ-հակամրցակցային տնտեսական ցիկլից և բաց, թափանցիկ ու ներառական մրցութային գործընթացների միջոցով ոլորտից ներգրավվելու առավել մրցակցային և ՀԷՑ-ի համար բավականին շահեկան գնառաջարկներ ու էներգետիկ ոլորտի փորձառու տնտեսվարող սուբյեկտներ (արտադրողներ, մատակարարներ, ներմուծողներ, ինչպես նաև՝ նեղ մասնագիտական աշխատուժ և այլն)։
Վերջնարդյունքում՝ 2025թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում, մեկտեղելով նաև ոլորտային շուկաների ուսումնասիրության, գնանշումների և բուն գնումների իրականացման բավականին ժամանակատար և մասշտաբային գործընթացները, Ժամանակավոր կառավարչի թիմին հաջողվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ հաստատված շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ծրագրից կյանքի կոչել ևս 15,4 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ՝ 2025թ․ Ներդրումային ծրագրի կատարողականը փաստացի հասցնելով շուրջ 28,2 մլրդ ՀՀ դրամի (բացառապես «Մուտք-շահագործում» կարգավիճակում)։ Հարկ է նշել, որ տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում՝ Ժամանակավոր կառավարչի թիմը նույն ժամանակային կտրվածքով ապահովել է ավելի քան 2,6մլրդ ՀՀ դրամի ավել աշխատանքների կատարում, քան իրականացվել էր մինչև Ժամականավոր կառավարչի նշանակումը՝ տարվա առաջին կեսի արդյունքներով)։
Ինչ վերաբերում է Ամանորի նախօրեին ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարների և հոսանքազրկումների թեմայի շահարկմանը, ապա պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ տարեվերջին ՀԷՑ-ի հոսանքազրկված բաժանորդների թիվը եղել է շուրջ 32,000, այն դեպքում, որ 2025թ․-ի ավարտին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9,200 բաժանորդ։
Հարկ ենք համարում նաև նշել, որ առանձին քննարկման առարկա է հանդիսանում մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի կազմման գործընթացում սահմանված առաջնահերթությունների, դրա իրականացման մեխանիզմների և բյուջեների ձևավորման գործիքակազմերն այն դեպքում, երբ օրինակ ՀԷՑ-ի կառավարման նախորդ փուլերում Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված միջոցների զգալի մասը՝ մինչև բուն մատակարարումների և աշխատանքների մեկնարկը, ուղղվել է վերոնշյալ փոխկապակցված «արտոնյալ» ընկերություններին՝ կանխավճարների տեսքով (ավելի քան տասնյակ միլիարդավոր ՀՀ դրամի հասնող գումարներով)»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ամանորի գիշերը հոսանքի անջատումների հարցին անդրադառնալով՝ վարչապետը նշել է՝ փաստը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները՝ մասնավորապես մարզային բնակավայրերում:
![]()