Ես բացառում եմ, որ լինի որևէ ընդդիմադիր գործիչ, որի բարեկամներից մեկն արտոնություններից օգտված չլինի. վարչապետ

«Ասում են՝ Կառավարությունը արտոնություն տվեց ծանոթին ու բարեկամին, հիմա ասեք՝ իրենք արտոնություն ստացած ողջ ցուցակի քանի տոկոսն են կազմում»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտոնություններ տալու մասին:

«Հարկային օրենսդրությունների վերաբերյալ հետաքրքիր վերնագրեր կան, թե Կառավարությունը արտոնություն տվեց բարեկամին, ծանոթին և այլն: Հիմա եկեք նայենք՝ այդ անուններն արտոնություն ստացածների քանի տոկոսն են: Այս արտոնությունների համակարգը կոչվում է գերակա ոլորտում մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են, այդ թվում՝ ընդդիմության հետ կապված գործարարներ: Կառավարության կարգավորումներն այնպիսին են, որ համակարգն աշխատում է ինքնաշխատ համակարգով:

Կա մոդուլ՝ գործարարները և ընկերությունները իրենց տվյալները լրացնում են ու ներկայացվում են արտոնությունից օգտվելու: Կառավարության միակ դերը ստուգելն է՝ արդյոք իրենց դրած տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Եթե համապատասխանում են, Կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը չտալու»,- նշել է նա:

Անդրադառնալով արտոնություններ ստացած գործիչներին՝ Փաշինյանը նշել է, որ քննարկվող անունները կան արտոնություններ ստացած անձանց մեջ, բայց նրանք 2 տոկոսն են կազմում ողջ ցուցակի:

«Դուք տալիս եք կամայական անուններ, ձեր նշած անունները արտոնություններ ստացած հազարավոր ընկերությունների 2% են: Եթե այդ ընկերությունների մեջ կան այնպիսիք, որ ինձ բարեկամ են, ապա համոզված եղեք, որ կան նաև ձեզ բարեկամներ: Ես բացառում եմ, որ լինի որևէ ընդդիմադիր պատգամավոր ու քաղաքական գործիչ, որի բարեկամներից մեկը այդ արտոնություններից ստացած չլինի: Այո, տվել ենք ու էլի կտանք»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ