![]()
«Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին 42 էջանոց փաստաթուղթ է, բայց մենք 100 քանի էջից ենք կրճատել, դարձրել 42 էջ»,- այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ընդհանրապես մեր ռազմավարական փաստաթղթերին պետք է լրջությամբ վերաբերվենք այն առումով, որ իրենք պետք է լինեն մաքսիմալ համառոտ, որովհետև պետական պաշտոնյայի և ընդհանրապես մարդու ժամանակը ամենաթանկարժեք ռեսուրսն է։ Այն փաստաթուղթը, որը կարող է լինել 10 էջ, չպետք է լինի 11 էջ, այն ռազմավարությունը, որ կարող է լինել 15 էջ, չպետք է լինի 16 էջ, այն տեղեկանքը, որը կարող է լինել մի էջ, չպետք է լինի մեկուկես էջ։ Այն նախադասությունը, որը կարող է պարունակել երեք բառ, չպետք է պարունակի վեց բառ։ Ու սա ֆունդամենտալ խնդիր է։ Դասականը դեռ ասել է՝ կարճ գրելու ժամանակ չունեմ, դրա համար երկար եմ գրում»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի, դոկտրինը վերաբերվում է նաև կառավարման նոր կուլտուրային, սա շատ կարևոր բան է, եթե առավելևս պետական պաշտոնյան, պետական մարմինը մի հատ ուրիշ պետական մարմնի գրում է տեղեկանք, առաջին հերթին այդ տեղեկանքը պիտի է լինի կոնկրետ և մաքսիմալ կարճ.«Որովհետև եթե մենք նախարարին, փոխվարչապետին, վարչապետին, վարչության պետին, գլխավոր մասնագետին թուղթ ենք ուղարկում, որ ինքը պետք է կարդա, ասենք, 10 րոպե, արդյո՞ք այդ 10 րոպեն այդ կարդալու վրա ծախսելը պետական ռեսուրսի, ամենաթանկ ռեսուրսի ժամանակի օգտագործման ամենալավ ձևն է: Ես ասում եմ՝ ոչ: Եթե մենք հաշվենք, թե ինչքան ժամանակ ենք ծախսում կարդալու այն թղթերը, որը երկու էջի փոխարեն կարող էր լինել վեց տող, տեղեկանք, որտեղ ընդամենը պետք է լինի երեք թիվ, երեք տող, բայց գրվում է վեց էջ, 85 թիվ, 72 ֆայլ, դա նրա մասին է, որ մենք կաթվածահար ենք անում մեր իսկ աշխատանքը։
Այո, կարող է լինի այնպիսի տեղեկանք, որը նույնքան արժեքավոր է, ինչքան Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, ես չեմ բացառում այդպիսի հանգամանք, այդպիսի գլուխ գործոց տեղեկանքները թող լինեն նույնքան արժեքավոր»,– ընդգծեց Փաշինյանը։
![]()