![]()
Վեհափառը պետք է քաջություն ունենա և հեռանա, իր այս ընթացքով նա պառակտեց ամբողջ համայնքը հայրենիքից մինչև Շվեյցարիա ու Ժնև:Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյան:
Սրբազանի խոսքով` վեհափառի հեռանալուն պես պետք է ընտրել տեղապահ. «Տեղապահը թերևս վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում պիտի կազմակերպի ամենայն հայոց նոր հայրապետի ընտրությունը, բնականաբար կա նաև պահանջ կանոնադրության մշակման, որովհետև մեր կանոնադրությունը ամեն մարդ իր ուզած ձևով է մեկնաբանում»:
Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը նշեց, որ 26 տարվա ընթացքում ոչ մի ազգային եկեղեցական ժողով չի գումարվել։ Նա տեղի ունեցած կարգալուծությունները խայտառակություն որակեց՝ նշելով. «Մենք ընդհանուր առմամբ շուրջ 800 հոգևորականներ ունենք՝ սրբազաններ, վարդապետներ, քահանաներ, որոնցից մոտ 150-ը կարգալույծ են եղել։ Որոշ դեպքերում՝ թերևս անհնազանդության, երբեմն էլ կամայական և ոչ արդար կերպով։ Մարդիկ փոխանակ փորձեն առիթ տալ ներելու, որովհետև մենք հոգևոր հաստատություն ենք, պետք է չկտրենք, եթե պտուղ չի տալիս։
Եկեղեցին չի առաջնորդվում ներողամտությամբ։ Եթե առաջնորդվեր այդ սկզբունքով, որը քրիստոնեական ամենամեծ առաքինությունն է՝ ներողամտությունն ու հանդուրժողականությունը, ապա մայր եկեղեցին՝ սկսած Վեհափառ հայրապետից, պետք է մոտենար, սիրաշահեր վարչապետին և բոլոր պետական այրերին՝ գործակցելով նրանց հետ հայրենիքի և հանրապետության հզորացման համար։ Այդ ճանապարհով նաև եկեղեցին կուժեղանար, սակայն տեղի ունեցավ հակառակը։
Առարկում են՝ ասելով, թե մենք չենք աշխատի ձեզ հետ։ Եթե նախորդների հետ աշխատել եք, ինչո՞ւ եք խտրականություն դնում։ Քրիստոնեական հասկացողությամբ բոլորը մեր զավակներն են, բոլորը եկեղեցու անդամներ են։ Մենք չենք կարող խտրականություն դնել. եթե նույնիսկ սխալված են, պետք է ներենք, պետք է հանդուրժենք»։
![]()