Սիրիայի հայկական թաղամասերի մոտ ռազմական գործողություններ են

Սիրիայի բանակի և Սիրիական ժողովրդավարական ուժերի քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև բախումները Հալեպում շարունակվում են՝ անկայունացնելով երկրի իրավիճակը։

Արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Սիրիայում տեղի ունեցողը պայմանավորում է մեկ խնդրով՝ քրդական հիմնախնդրի լուծմամբ։

«Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայի հյուսիսում և հյուսիսարևելքում ձևավորված քրդական ինքնավար կառույցի լուծարմամբ, որը ղեկավարում են Սիրիայի դեմոկրատական ուժերը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է փորձագետը։

«Քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում ծավալած ռազմական պայքարի արդյունքում նրանք ձևավորել են որոշակի ինքնուրույնություն և հիմա այն, ինչ կատարվում է Սիրիայում, միտված է այդ կառույցի թուլացմանը և սիրիական կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործարքի իրականացմանը, այն է՝ քրդերը աստիճանաբար պետք է զիջեն տարածքների կառավարումը երկրի արևելքում սիրիական կառավարությանը։ Քրդերը հետ են կանգնել 2025 թվականի պայմանավորվածությունից, ուստի Սիրիայի իշխանությունները պարբերաբար տարբեր գործողություններ իրականացնելով՝ փորձում են նրանց բերել պայմանավորվածությունների դաշտ»,- մանրամասնել է Պետրոսյանը։

Փորձագետի խոսքով՝ մեծ է Թուրքիայի գործոնը, քանի որ Սիրիայի իշխանություններն այս քայլերին գնում են Թուրքիայի աջակցությամբ.

«Անցյալ տարեվերջին Սիրիա այցելած թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը՝ արտգործնախարարի գլխավորությամբ, բանակցությունների ժամանակ հիմնականում քննարկել է քրդական խնդիրը։ Նպատակն այն է, որ սիրիական կառավարական ուժերի գործողությունները, Թուրքիայի աջակցությամբ, հարմար ազդակներ լինեն քրդական կառույցների վրա՝ փորձելով դրդել նրանց խաղաղ ճանապարհով գնալ գործարքի կատարման։ Եթե իրավիճակը զարգանա ռազմական ուղղությամբ, բնականաբար, Թուրքիան փորձելու է աջակցել ճնշել քրդական ձգտումները։ Քրդերը, իրենց հերթին, ձգտում են ապագայի Սիրիայում լինել ինքնավար»։

Անդրադառնալով Սիրիայում հայ համայնքի անվտանգության խնդրին, Արմեն Պետրոսյանը նշել է․

«Այն հատվածները, որտեղ այժմ ռազմական գործողություններ են տեղի ունենում, բավականաչափ մոտ են հայկական թաղամասերին, և եթե լայնածավալ գործողություններ լինեն, որոշակի հետևանքներ կունենան նաև հայկական թաղամասերի վրա, սակայն, իմ գնահատմամբ, եթե անգամ լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, գործընթացը երկար չի տևի։ Մի կողմում սիրիական կառավարական ուժերն են՝ Թուրքիայի աջակցությամբ, մյուս կողմից՝ քրդական ուժերը, ուստի ուժերի հարաբերակցությունը անհամեմատելի է»։

Փորձագետը կարծում է՝ իրավիճակը Սիրիայում արագ կկայունանա և երկարաժամկետ ազդեցություն չի ունենա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ