Գարեգինը ուզում է ձգել մինչև ընտրություններ. հույս ունի՝ քաղաքական իրողություններ կփոխվեն, և կփրկվի. տեսանյութ

Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ իշխանության ներսում չկան մարդիկ, որ դեմ են Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռացման օրակարգին, իսկ եկեղեցու ներսում կան հոգևորականներ, որ կողմ են դրան:

Փորձագետի նկատառմամբ՝ սա նշանակում է, որ եկեղեցու վերնախավն ունի հաղթելու ավելի փոքր շանսեր, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչները շահեկան դիրքում են:

«Կաթողիկոսը, հավանաբար, հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում քաղաքական իրողություններ կփոխվեն, ինչը կարող է նրա համար փրկություն լինել: Սակայն շատ քիչ է հավանական, որ գործընթացը ձգվի մինչև ընտրություններ: Գարեգին Երկրորդի կողմնակիցները քայլ առ քայլ նվազում են»,- ասում է նա:

Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է՝ ընդդիմադիրները փորձում են իրավիճակից օգտվել և գայթակղել Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան)՝ «այ տես՝ ժողովուրդը քեզ հետ է». «Եթե Գարեգին Երկրորդը հայացքները փոխի, կփոխվեն նաև ընդդիմադիրների տրամադրությունները, կսկսեն քննադատել նրան, այսինքն՝ նրանք կողմ են նրան, ով քննադատում է իշխանություններին»:

Զրուցակիցը շեշտում է՝ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը Սահմանադրությունը խախտել է՝ մտնելով քաղաքականություն, և սպասելի էր, որ նույն պատասխան հարվածը հասցնելու էր իշխանությունը:

Ռոբերտ Ղևոնդյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, Վենեսուելայի և Իրանի մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ