Հայր Գուսանի վճռական քայլով ևս վերահաստատվում է՝ ՀԱՍԵ բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզին և հայտարարությանը միանալու վերաբերյալ։

«Ուրախությամբ ողջունում ենք Շվեյցարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի կարևոր որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության մեր հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին:

Հայր Գուսանի վճռական քայլով մեկ անգամ ևս վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է, որն անմիջականորեն մեր պետական և ազգային շահերից է բխում և միտված է վերականգնելու եկեղեցին իր բուն առաքելության մեջ:

Կամայական կառավարման արդյունքում եկեղեցու մեկուսացումը պետությունից և ժողովրդից որևէ աղերս չունի մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության, Նրա Սրբազան Ավանդության և ժողովրդավար ոգու հետ: Ջերմ սիրով ողջունելով Հայր Գուսանին՝ մաղթում ենք, որ Տերն օգնական և պահապան լինի նրան իր հոգևոր ծառայության այս կարևոր հանգրվանին։

Առաջիկա պատեհ առիթով Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի նիստին։

Վստահ ենք, որ Հայր Գուսանի ազնիվ և կամային դրսևորումը ներշնչող օրինակ կդառնա մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ մյուս սպասավորների համար նույնպես։ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,- ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ