![]()
«Նորություն չկար, դրա մասին վարչապետը նախկինում էլի էր հայտարարել, նորությունը միայն այն էր, որ այս անգամ դա որպես պաշտոնական փաստաթուղթ ձևավորվեց և ստորագրվեց հատկապես Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողմից»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների հրապարակած ճանապարհային քարտեզին և Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման մեկնարկին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդյանի խոսքով՝ այլ հոգևորականներ ևս սկսել են միանալ բարենորոգման ծրագրին. «Գլխավոր խնդիրը կաթողիկոսի հեռացումն է, եթե դա իրականացվի, մյուս կետերը սահուն կերպով, հերթականությամբ առաջ կգնան: Ամենահավանական տարբերակն այն է, որ կլինի այնպիսի իրավիճակ, երբ Գարեգին Բ-ն ստիպված կլինի գահից հրաժարվել, այս պահին չհրաժարվելու գլխավոր պատճառը նախատեսված խորհրդարանական ընտրություններն են, նա սպասում է՝ հույս ունենալով, որ քաղաքական իրավիճակ կփոխվի, բայց, հաշվի առնելով զարգացումները, չեմ կարծում, որ այդքան ժամանակ Գարեգին Բ-ն ունի: Եկեղեցու ներսում հստակ ճեղքվածք կա, դա գնալով խորանում է և ցույց է տալիս, որ Գարեգին Բ-ն կարող է ինչ-որ մի պահի մնալ մենակ»:
Ըստ քաղաքագետի՝ եթե Գարեգին Բ-ն փորձի հրաժարական չտալ, իր դեմ կհանի հոգևորականության շատ մեծ հատվածի, ինչը խնդիրներ կարող է ստեղծել իր և իր կողմնակիցների համար. «Կա պարազիտների մի ամբողջություն, որը պարազիտանում է այս հակամարտության ֆոնին, դրանք այն մարդիկ են, ովքեր քաղաքական դերակատար են, բայց փորձում են օգտագործել ամեն առիթ Հայաստանի իշխանությունների դեմ գործողություններ իրականացնելու համար: Այս պահին առիթը հենց հոգևորականների հետ հակասությունն է, նրանք ամեն կերպ ձգտում են համոզելով, որոշ դեպքերում սպառնալով թույլ չտալ, որպեսզի Գարեգին Բ-ն հրաժարվի գահից: Այդ մարդիկ ներկայացնում են ՀՀ-ում այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հստակ ունեն ռուսամետ ուղվածություն»:
Ռոբերտ Ղևոնդյանը Գարեգին Բ-ին Ռուսաստան տանելու երկու տարբերակ նշեց. «Առաջինը, որ նա հրաժարվում է գահից և հեռանում է ՌԴ, և երկրորդ տարբերակը, որ նա գնում է Ռուսաստան՝ չհրաժարվելով գահից և փորձում է այնտեղից կառավարել Եկեղեցին: Առաջին սցենարը հնարավոր է, երկրորդի դեպքում, եթե փորձի գնալ այնտեղ ու իրեն անվանել կաթողիկոս, խնդիրներ կարող են առաջանալ Եկեղեցու և լեգիտիմության հետ: Այստեղ կա մի շատ կարևոր կանխարգելում, որն իրականացրել են ՀՀ իշխանությունները, դա Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ տեղեկությունների հրապարակայնացումն է, երբ պարզվեց, որ նա աշխատել է, իսկ ԱԱԾ-ի հաղորդմամբ շարունակում է աշխատել Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար, ինչը նշանակում է, որ Գարեգին Բ-ի Ռուսաստան գնալու դեպքում և այնտեղից Եկեղեցին կառավարելու դեպքում այլևս Եկեղեցու ներսում լեգիտիմություն չի ունենա»:
Ղևոնդյանն անդրադարձավ նաև այն սցենարին, որը կլինի վատագույնը. «Եթե փորձեն ուժային մեթոդով ինչ-որ բան անել, կաթողիկոսը կարող է ուղղակի հրաժարական չտալ և Եկեղեցին կառավարել նույնիսկ արգելանքի վայրից, բայց հույս ունեմ, որ նման զարգացում չի լինի: Չեմ կարծում, որ հրաժարականից բացի այլ տարբերակով հնարավոր է հանգուցալուծել իրավիճակը»:
![]()