Քանի Ձմեռ պապ և մուլտհերոս էր տոնական օրերին հավաստագրվել և ինչ պատիժ է սահմանված անօրինական գործունեության համար

2025 թվականին Երևանի քաղաքապետարանն ընդունել է ընդհանուր առմամբ 93 դիմում կերպարանացման հավաստագրման համար, որոնցից 86-ը ստացել են հավաստագրման փաստաթուղթ։ Քանակային սահմանափակում նախատեսված չէ, և գործընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին: Այս մասին ի պատասխան Zarkerak.am -ի՝ Երևանի կենտրոնում շրջող Ձմեռ պապերի և ձյունանուշների, մուլտհերոսների հավաստագրման մասին գրավոր հարցման պատասխանել են Երևանի քաղաքապետարանից:

Հայտնեցին, որ Ամանորի և Սուրբծննդյան տոների ժամանակ կերպավորված անձանց (Ձմեռ պապ, Ձյունանուշ, մուլտհերոսներ և այլ կերպարներ) գործունեության հավաստագրումը իրականացվել է մի շարք չափանիշներով։ Դրանք նպատակ ունեն ապահովելու, որ երեխաների հետ աշխատող կերպարներն ունենան պատշաճ տեսք, վարքագիծ և մասնագիտական առնվազն նվազագույն որակ։

Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնականում ստուգվում են հետևյալը․

Կերպարի հագուստը պետք է լինի կոկիկ, մաքուր, ամբողջական և տոնական տեսքի։ Կերպարի խոսքն ու ձայնի ինտոնացիան պետք է լինեն հստակ, հավասարակշռված և շփման համար պատշաճ, իսկ վարքն՝ կարգապահ և համապատասխան աշխատանքային միջավայրին։

Երեխաներին դիմելու ձևը պետք է լինի ուշադիր ու բարեկիրթ՝ բացառելով ցանկացած արտահայտություն կամ փոխանցում, որը կարող է անհարմարություն կամ անհասկանալի իրավիճակ ստեղծել։

Ձմեռ պապը, Ձյունանուշը և մյուս կերպավորված հերոսները չունեն իրավունք լուսանկարվելու համար գումար պահանջելու, ինչպես նաև չեն կարող ինքնուրույն սահմանել որևէ գնային քաղաքականություն։ Երևանի քաղաքապետարանի կողմից յուրաքանչյուր մասնակցին տրվում է բանավոր պարզաբանում, ըստ որի լուսանկարվելը պետք է լինի անվճար, և կերպարները պարտավոր են պահպանել այս պահանջը։ Կերպարները որևէ վճարում կամ ֆինանսական փոխհատուցում չեն ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, քանի որ նրանց ներգրավվածությունն իրականացվում է բացառապես կամավորական հիմունքներով։ Ինչ վերաբերում է համապատասխան թույլտվության հիման վրա ծառայություն մատուցելու ընթացքում այլ անձանցից լուսանկարվելու համար գումար պահանջելուն, ապա` տեղեկացնում ենք, որ նշված խնդրի կարգավորումը դուրս է Երևան համայնքի իրավասության սահմաններից:

Նշենք, որ առանց համապատասխան թույլտվության ծառայություն մատուցելը, մասնավորապես` ամանորյա տոնակատարություններին Ձմեռ պապի և այլ մուլտհերոսների կերպարների ծառայություն մատուցելը առաջացնում է վարչական պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ