![]()
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել է «Սա Սերժ Սարգսյանի երկիրը չէր, որ որոշեր, դրա համար էլ պատժվելու է։ Ով սխալ է անում, պետք է պատժվի»։
Խաչատուր Սուքիասյանի այս խոսքերը պարզ, բայց տարիներ շարունակ խեղաթյուրված ճշմարտություն բացահայտեցին։ Այո երկիրը մեկ մարդու սեփականությունը չէ։ Ոչ մի նախագահ, ոչ մի իշխանական կլան իրավունք չունի պետությունը նույնացնել սեփական անձի, ընտանիքի կամ շրջապատի հետ։ Եվ երբ այդ պարզ ճշմարտությունն է բարձրաձայնվում, բնական է, որ Սերժ Սարգսյանի գրպանից սնվողների արձագանքը լինում է նյարդային ու ագրեսիվ։
«Հանրապետական» կուսակցության շրջանակների, հատկապես Սերժ Սարգսյանի մոտ կանգնած գործիչների ու նրա փեսայի վարձկան գրչակների կտրուկ արձագանքը հենց դրա վառ ապացույցն է։ Ճշմարտությունն է ցավեցնում, ոչ թե խոսքի կոշտությունը։
Տարիներ շարունակ հասարակությունը տեսել է, թե ինչպես են իշխանության շուրջ հավաքված անձինք և նրանց հարազատները՝ կարճ ժամանակում դառնում հսկայական կարողությունների տեր։ Հասարակությունը տեսել է, թե ինչպես են քաղաքական ազդեցությունն ու տնտեսական լծակները կենտրոնանում մեկ ընտանիքի ձեռքում, ինչպես են մեդիաները ծառայել ոչ թե հանրային շահին, այլ կոնկրետ իշխանության ներկայացուցիչների անձնական օրակարգի սպասարկմանը։ Սա ոչ թե հորինվածք է, այլ հայտնի իրողություն։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիները լի են եղել սխալներով՝ սկսած քաղաքական փակ համակարգից մինչև վստահության կորստի հասցրած որոշումներ։ Այդ սխալների հետևանքները մինչ այսօր զգում է երկիրը։ Իսկ երբ նախկին իշխանության հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամներին վերագրվող բիզնես և մեդիա ազդեցությունը, օգտագործվել և օգտագործվում են հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար, դա արդեն պարզապես քաղաքական խնդիր չէ, այլ բարոյական հարց։
Սուքիասյանի ասած «ով սխալ է անում, պետք է պատժվի» միտքը ոչ թե վրեժի կոչ է, այլ պետության բնական պահանջ։ Պատժվել՝ օրենքի շրջանակում, քննության միջոցով, փաստերով։ Ոչ ոք վեր չէ օրենքից՝ անկախ անցած պաշտոնից կամ ունեցած կապերից։
Եթե ինչ‑որ մեկը վրդովվում է այդ մտքից, ապա այստեղ արդեն խնդիրն ասողի մեջ չէ, այլ այն համակարգում, որը երկար տարիներ սովոր էր անպատժելիությանը։ Իսկ անպատժելիության ավարտը միշտ էլ դիմադրություն է առաջացնում։
Ճշմարտությունն այն է, որ բոլոր սխալներն ու հանցանքները պետք է բացահայտվեն։ Մեդիա մանիպուլյացիաները, միլիոնատեր փեսայի քաղաքական հաճույքները, համակարգային անարդարությունները՝ դրանք բոլորը ենաթակ են պատժի։ Ոչ մեկ, ոչ մի պաշտոնով կամ կապերով չի կարող վեր լինել պատասխանատվությունից։ Եվ սա պետք է լինի պարզ ուղերձ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ կարող են անպատիժ մնալ՝ պետության ու հանրության հաշվին հարստանալով։
Ճշմարտությունը կարող է սուր լինել, բայց առանց դրա առողջ պետություն չի կառուցվում։
![]()