![]()
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է անառողջ սննդի գովազդը առցանց և սահմանափակում է այն հեռուստատեսությամբ։ Նոր միջոցառումները Կառավարության խոստման մի մասն են և նպատակ ունեն օգնել ծնողներին մեծացնել առողջ սերունդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծ Բրիտանիայի Կառավարության պաշտոնական կայքում։
Նոր կանոնակարգի համաձայն՝ պակաս առողջ սննդի գովազդները բրիտանական հեռուստատեսությամբ թույլատրվելու են ցուցադրել միայն երեկոյան ժամը 21:00-ից հետո: Բրիտանական ինտերնետում նման գովազդներն ու տեսանյութերը լիովին կարգելվեն:
Սահմանափակումները վերաբերում են շաքարի, ճարպի և աղի բարձր պարունակությամբ 13 կատեգորիայի ապրանքների՝ ներառյալ ավելացված շաքարով ըմպելիքները, չիպսերը, աղի կրեկերները, թխվածքաբլիթները, եգիպտացորենի փաթիլները, նախաճաշի շաքարային շիլաները, պոպկորնը, շոկոլադը, մաստակը և սառեցված սնունդը։
«Մեծ Բրիտանիայի «արագ սննդի» արտադրողները պահպանում են իրենց ապրանքանիշերը հեռուստատեսությամբ և առցանց գովազդելու իրավունքը երեխաների համար նախատեսված եթերի ժամանակ, եթե այդ գովազդներում ուղղակիորեն չեն ցուցադրվում ոչ առողջարար ապրանքները: Տեղական ընկերությունների մեծ մասը սկսել է նախաձեռնողաբար հետևել նոր կանոնակարգին»,- նշված է հաղորդագրության մեջ:
![]()