![]()
Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, 4 երեխա և անվտանգության ուժերի 2 աշխատակից:
Իրանական Fars գործակալությունը հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին:
Տեղեկության համաձայն՝ վնասվածքներ են ստացել ոստիկանության մոտ 250 աշխատակից և «Բասիջ»-ի 45 աշխարհազորային:
Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ցուցարարների կողմից անկարգությունների և իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին՝ չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել: Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր:
Թեհրանի շուկաներում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մայրաքաղաքի մի քանի շուկա կրկին փակվել է, իսկ աշխատողները հավաքվել են իրենց խանութների դիմաց՝ բողոքի ակցիա անցկացնելու համար, գրում են իրանական լրատվամիջոցները:
Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգից 26-ում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության մի քանի անդամներ հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են՝ հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Իրանի մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին:
![]()