![]()
«Որևէ պայմանագիր, որը պայմանավորված է օպերատիվ կառավարման, ենթակառուցվածքների նորացման, ցանցի վերազինման հետ, չի խզվել, այլ վերաբանակցվել են. խզվել են այն պայմանագրերը, որոնցով ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվում սարքավորումներ, որոնք կարող է տարիներով կամ ամիսներով պարզապես պահեստում մնային»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ կապալառուների մնացած շինարարական աշխատանքները զուգահեռաբար են իրականացվել հայտարարվող նոր մրցույթներին և նոր մրցույթների արդյունքներով արդեն պայմանագրերը կնքվել են նոր կապալառուների հետ մինչև 40-60% ավելի ցածր գներով, նոր միայն դադարեցվել է համագործակցությունը գործող գործընկերների հետ։
«Ինչպես նաև պայմանագրեր են խզվել, օրինակ, բարձրարժեք, թանկարժեք ծառայողական մեքենաների վարձակալության, տարբեր շրջանակների արտոնյալ դիրքը ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման, ուռճացված ծախսերը կրճատելու համար էլ պայմանագրերը խզվել։
Նաև ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ տեխնիկական տնօրինությունում որևէ փոփոխություն իմ նշանակման պահից ի վեր տեղի չի ունեցել։ Թե՛ տեխնիկական տնօրենը, գլխավոր տնօրենը, թե՛ փոխտնօրենները, թե՛ շահագործման շրջանների գլխավոր ինժեներները, մասնաճյուղերի և ցանցերի գլխավոր ինժեներները հիմնականում նույն մարդիկ են, մասնագիտական շրջանակների որևէ էական փոփոխություն չի եղել, և մասնագիտական ներուժը որևէ կերպ չի տուժել։
Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին, հայեցողական պաշտոններում վստահություն, այդ թվում՝ թիմային քաղաքական վստահություն վայելող շրջանակներում պիտի դիտարկենք։ Եթե որոշ մարդկանց հետագիծը որոշակիորեն փոխկապակցված է այն շրջանակների հետ, որոնք այսօր քրեական հետապնդման են ենթարկվում, որոշակի կոռուպցիոն սխեմաներում են ներգրավված, շուրջ երկու տասնյակ քրեական վարույթ է նախաձեռնված այս պահին, և այդ մարդիկ քրեական վարույթներով անցնում են, այդ վստահությունը հայեցողական իմաստով կորցնում են այդ մարդիկ։ Հարգելով իրենց անմեղության կանխավարկածը՝ իհարկե, այդ պարագայում մենք պիտի հենվենք, բնականաբար, մեր վստահությունը ունեցող քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա, որոնք թիմայնության տրամաբանության մեջ ստանձնում են որոշակի կարգավիճակ»,- ընդգծել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը։
![]()