![]()
Հայաստանն ու Ադրբեջանը չափավոր քայլեր կձեռնարկեն 2025 թվականի շրջանակային խաղաղության համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ, ինչը կնվազեցնի նրանց միջև նոր պատերազմի ռիսկը, կանխատեսում է Stratfor վերլուծական կենտրոնը:
Կենտրոնի գնահատմամբ՝ երկու երկրների միջև առևտրի կարգավորումը, հավանաբար, կընթանա զգուշորեն. կողմերը վստահություն կկառուցեն սահմանափակ առևտրային փոխգործակցության, այլ ոչ թե համապարփակ տնտեսական ինտեգրման միջոցով:
Ներքին քաղաքականության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբախվի հանրային դժգոհության սրմանը, որը հիմնականում պայմանավորված կլինի Ադրբեջանին արվող ենթադրյալ զիջումներով և Հայ առաքելական եկեղեցու հետ լարված հարաբերություններով: Փաշինյանը, հավանաբար, կհետաձգի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը մինչև հունիսյան ընտրությունները:
Եթե նա չվերընտրվի, խաղաղության համաձայնագրի նախագծի ճակատագիրը կդառնա անորոշ: Սակայն, եթե նա քվեարկությունից հետո պահպանի իշխանությունը, ապա, ամենայն հավանականությամբ, առաջնահերթություն կդարձնի «Թրամփի ուղու» (TRIPP) իրագործումը, որն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագրի կենտրոնական մասն է:
Բաքուն, իր հերթին, կավարտի Իրանի տարածքով անցնող Արաքսյան միջանցքի իր հատվածի շինարարությունը՝ TRIPP-ին զուգահեռ, միաժամանակ պահպանելով TRIPP-ը որպես լծակ և այլընտրանք, որը Հայաստանին դուրս է թողնում տարածաշրջանային ինտեգրումից՝ վերջինիս անհամագործակցության դեպքում: Ռուսաստանը կփորձի խոչընդոտել TRIPP-ի զարգացմանը, սակայն տարածաշրջանում նրա թուլացած դիրքը կսահմանափակի նրա կարողությունը զգալիորեն խոչընդոտելու ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի դեպի Արևմուտք շրջադարձը։
![]()