Պարզ լուծում կա. եկեղեցու հարցը կարելի է լուծել հենց այսօր. Ազատ Արշակյան

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը մատնանշում է մի քանի կարևոր ուղղություն, որոնք, ըստ իրեն, առաջնահերթ են 2026 թվականի համար։

Արշակյանի դիտարկմամբ՝ կարևոր է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը: «Օրենք ունենք, հարկավոր է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, այսինքն՝ ընդունել ադապտացիոն օրենքներ, որպեսզի ՀՀ օրենքներն ու կարգավիճակը համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին։ Եվրամիությանը միանալու ծրագիրը բազմաթիվ քայլերից է  բաղկացած։ Ես կուզենայի, որ այս տարի այդ ուղղությամբ շատ աշխատանք տարվեր»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝  պետք է նաև երկու կարևոր օրենք ընդունել. «Մեկը՝ քաղաքական կուսակցությունների օրենքը, որով քաղաքական աշխարհը կմաքրվի քրեաօլիգարխիկ տարրերից։ Այդ օրենքը պետք է լուրջ ֆիլտր դառնա, որպեսզի քաղաքական դաշտ չկարողանան ոտք դնել քրեաօլիգարխիկ ուժերը։ Այսինքն՝ քաղաքական դաշտը պետք է մաքրվի արտաքին ազդեցությունից։ Քաղաքական կուսակցությունները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացիների շահերին։ Երկրորդը ընտրությունների մասին օրենքն է։ Պետք է շատ խիստ պատիժ սահմանվի  նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն զավթել իշխանությունը ընտրությունները կեղծելով»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընտրությունների մասին օրենքը պետք է այնպիսի շրջանակ սահմանի, որ չարագործները ընտրության իրավունքից օգտվելով չկարողանան վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը. «Ընտրություններից հետո արդեն թող լայն ու ազատ քննարկում լինի նոր Սահմանադրության վերաբերյալ։ Ես հույս ունեմ, որ իմ նշած երկու օրենքների շնորհիվ պետական շահերը պաշտպանող ու պետականությամբ մտահոգված Ազգային ժողովը կարող է ավելի օգտակար, ավելի արդյունավետ, ճիշտ ու ժամանակակից Սահմանադրության նախագիծ առաջարկել քաղաքացիներին։ Դրանք ես համարում եմ եկող տարվա համար առաջնահերթ խնդիրներ»։

Ազատ Արշակյանը կարծում է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կարող է շատ պարզ հանգուցալուծում ունենալ. «Այսօր կարելի է  դա անել։ Արդարադատության նախարարությունը պետք է  օրենքով սահմանված կարգով կրոնական կազմակերպությանը տված լիցենզիան հետ կանչի, քանի որ կրոնական կազմակերպության ղեկավարները խախտում են  իրենց իսկ ընդունած կանոնադրությունը։ Պետությունն իրավունք ունի միջամտելու կրոնական կազմակերպության գործունեությանը։ Եթե այնտեղ ատելություն է քարոզվում, հակապետական, ինքնիշխանության դեմ գործունեություն է իրականացվում՝ ես ուզում եմ, որ պետությունը, իշխանությունը միջամտի»։

Նրա դիտարկմամբ՝  Հայ առաքելական սուրբ եկեղեցու կյանքին իշխանությունը պետք է  միջամտի՝ կանխարգելելու ատելությունն ու հակապետական գործունեությունը: «Պետք է հիմա ընդունվեն ՀՀ օրենքները, որտեղ կրոնական կազմակերպությունը գրանցված է  հատուկ կանոնադրությամբ՝ արգելված է  քաղաքականությամբ զբաղվելը։ Իսկ կրոնական կազմակերպությունը զբաղվում է բացասական, հակապետական քաղաքականությամբ, օրինակ՝ ռազմական հեղաշրջման ծրագրեր ունի։ Դրա հիման վրա պետք է լիցենզիան հետ կանչվի, հետո նոր հոգևորականները կարող են առաջարկել  վերագրանցման անհրաժեշտությունը՝ ապահովելով գույքի ու այլ բաների անձեռնմխելիությունը։ Այսինքն՝ հարցը հեշտ  լուծում ունի։ Արդարադատության նախարարությունն  իրավունք ունի վերագրանցելու կրոնական կազմակերպությունը»,- եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ