![]()
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:
Axios-ը հայտնում է, որ հաստատությունը քաջածանոթ է իր «հայտնի բանտարկյալներով», որոնց թվում են սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի համախոհ Գիսլեյն Մաքսվելը, ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը (Diddy), մեքսիկացի նարկոբարոն Գուսման Լոերան և այլք:
Դրանից մի քանի ժամ առաջ ինքնաթիռը, որում գտնվել են Մադուրոն ու նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վայրէջք էր կատարել Նյու Յորքի օդանավակայանում: Դրանից հետո նրանք տեղափոխվել էին Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության գլխավոր գրասենյակ։
Տեղեկացնենք՝ հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ կհրավիրվի Վենեսուելայի հարցով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել է, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։
![]()