Նոր տարվա ամենամեծ մանիպուլյացիան կապված է Ամանորի գիշերը կազմակերպված շքեղ միջոցառման մասնակիցների հետ. Ղազարյան

Նոր տարվա ամենամեծ մանիպուլյացիան կապված է Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված շքեղ միջոցառման մասնակիցների հետ։ Որոշ «տեղեկատվական վարձկաններ» հրապարակում միտումնավոր և բացառապես նկարում էին Երևան եկած, ամանորյա գիշերը հրապարակում Ամանորը տոնող օտարերկրյա հյուրերին և հարցնում, թե իբր ուր են հայերը, հայեր չկան։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով.

«Նախ՝ ոչ մի հայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու երբեք ոչ ոք չի արգելել իջնել հրապարակ և դիմավորել Ամանորը։ Եթե շատերը նախընտրել են Ամանորը նշել իրենց տներում, դա նրանց լիարժեք իրավունքն է։

Երկրորդ՝ եթե հրապարակում հանդիպել եք բազմաթիվ ռուսների, հնդիկների, իրանցիների, արաբների, եվրոպացիների, չինացիների և այլ օտարերկրյա քաղաքացիների, ապա դրանով պետք է ուրախանալ։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ Հայաստանը համարել են անվտանգ, հետաքրքիր և զարգացող երկիր, որտեղ կարելի է դիմավորել Ամանորը և գումար ծախսել։ Սա նշանակում է նաև, որ մեր կառավարության ջանքերը արդյունավետ են, և հարյուրհազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան։

Եվ վերջապես՝ այն, որ Հայաստանը համարվում է ճամփորդության համար աշխարհի լավագույն երկրներից մեկը, ոչ միայն մենք ենք ասում, այդ փաստը հաստատում են նաև միջազգային հեղինակավոր վարկանշային կառույցները։ Մասնավորապես World Travel Index-ի վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ որպես ճամփորդության համար ամենաապահով երկրներից մեկը։

Այս համատեքստում Հայաստանի դեմ պայքարողներին մնում է բավարարվել նման էժան հոլովակներ նկարելով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ