Մադուրոն և կինը գերեվարվել են ննջարանից. Թրամփը գործողություններին հետևել է ուղիղ եթերում. որքան է այն տևել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը։

«Ես այն դիտել եմ, ինչպես հեռուստատեսային շոու»,- ասել է նա Fox News-ի եթերում։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահը և նրա կինը կտեղափոխվեն Նյու Յորք, այժմ գտնվում են նավի վրա: Վենեսուելայի ձերբակալված նախագահի կալանքի ճշգրիտ վայրը հայտնի չէ: Այնուամենայնիվ, Մանհեթենում դաշնային դատավարության առջև կանգնած մեղադրյալները սովորաբար պահվում են Բրուքլինի կալանավայրում:

Որոշ լրատվամիջոցներ մանրամասներ են հայտնել գերեվարման մասին: Ըստ այդմ, «Դելտա Ֆորս» հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի տուն, երբ նրանք քնած են եղել: CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորները զույգին գերի են վերցրել գիշերվա կեսին՝ ննջասենյակից։

Associated Press-ի փոխանցմամբ՝ հունվարի 3-ի գիշերը Վենեսուելայի վրա ամերիկյան հարձակումը տևել է 30 րոպեից էլ պակաս, ինչը չի բացառում երկրի վրա հետագա հարվածները։

Գործակալության տվյալներով՝ Կարակասում գրանցվել է առնվազն յոթ պայթյուն։ Զոհերի թվի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ