![]()
2025 թվականը ՀՀ-ի համար նշանավորվեց առաջին հերթին խաղաղությամբ՝ ԱՄՆ-ում նախաստորագրված համաձայնագրի տեսքով։ 2025-ը նաև նոր գործընկերության տարի էր՝ մի քանի երկրների հետ ձեռք բերեցինք ռազմավարական գործընկերական կապեր, որոնց պտուղներն արդեն հաջորդ տարիներին երևալու են։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ ամփոփելով 2025 թվականին ՀՀ-ի համար տեղի ունեցած նշանակալի զարգացումները։ «Մասնավորապես խաղաղության գործընթացը մեզ համար բացում է աշխատանքների ու պարտավորությունների մեծ փուլ»,-նշեց պատգամավորն ու որպես տնտեսական ոլորտին առնչվող կարևոր ձեռքբերում հիշատակեց TRIPP-ը։
Խոսելով արդեն 2026 թվականին սպասվող քաղաքական տարվա մասնավորապես ԱԺ ընտրությունների, դրանց մասնակցել հավակնող քաղաքական ուժերի կողմից առաջարկվելիք օրակարգերի մասին՝ ՔՊ-ական պատգամավորը նկատեց. «Մենք առաջարկելու ենք խաղաղության օրակարգը։ Սա թեև մեր օրակարգն է, սակայն մնացածը այսպես թե այնպես առնչվելու են այդ օրակարգին, դիրքավորվելու են այդ օրակարգի շուրջ։ Արդեն նկատելի է, թե ինչպես են դիրքավորվելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Իհարկե, նրանցից որևէ մեկը չի կարող բարձրաձայնել, որ դեմ է այդ օրակարգին, նման դիրքավորումը շատ վատ արձագանքների կարժանանա հանրության կողմից։ Սակայն նրանց օրակարգը լինելու է «խաղաղությունը լավ է, բայց․․․» ոճով ու տրամաբանությամբ։ «Բայց»-ից հետո, ինչպես գիտենք, գալիս է խաղաղությանը դեմ խոսելը»։
Պարսիլյանի խոսքով՝ ընդդիմությունն իրականում չունի օրակարգ և հիշեցնում է նախկինում հարսանիքների ժամանակ կենաց ասող թամադաներին, որոնց խոսքը վատ ակուստիկայի պատճառով արձագանքում էր։ «Իրենք հենց այդ վատ թամադայի նման արձագանքում էին՝ սպասարկելով մեր օրակարգը, պարզապես հակառակ բևեռով՝ փորձելով խոչընդոտել այդ օրակարգին։ Այլ՝ սեփական մրցունակ օրակարգ իրենք չեն առաջարկել։ Այդ պատճառով է, որ իրենց օրակարգի բացը լրացնելու համար մեջտեղ էին բերում վարչապետին անվստահություն հայտնելու հարցը՝ իմպիչմենթի գործընթաց էին նախաձեռնում ու անընդհատ ձախողում»։ ՔՊ-ական պատգամավորը նկատոում է՝ իր կուսակցությունը 2026-ին ընտրողին ներկայանալու է մրցունակ CV-ով՝ խաղաղության գործընթաց, կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ, զինված ուժերում բարեփոխումներ և այսպես շարունակ։
Տիգրան Պարսիլյանի հետ զրուցել ենք նաև ռուսաստանցի օլիգարխի հետ աֆիլացված «Մեր ձևով» շարժման քաղաքական հավակնությունների, խորհրդարանում հայտնվելու շանսերի, Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի՝ ՊԱԿ-ի կողմից հավաքագրված լինելու, լյուստրացիայի գործընթաց սկսելու և այլ հարակից թեմաներից։ Հարցազրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
![]()