Դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդը

Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Կ․ Մարությանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը, և ինչ հանգամանքներում է Կ․ Մարությանը դանակահարվել։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը հայտնի է քրեական անցյալով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ