![]()
Հունվարի 1-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են՝ կան կասկածներ, որ հնարավոր է ներսում քաղաքացի լինի։
Տեղում պարզվել է, որ շենքի բնակիչ մի քանի երիտասարդ տղաներ, մինչ հրշեջների ժամանելը, կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկին և տեղափոխել հարևան սենյակ։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու՝ միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ են։
Բժիշկները արդեն տեղում բուժօգնություն են ցուցաբերել տատիկին, ում հետո անվասայլակով փրկարարները, պարեկները և քաղաքացիները 7-րդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը, ապա բժիշկները տեղափոխել են նրան «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տեղում շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել նաև 3 հրշեջի, որոնք աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ են ստացել։
![]()