Տարվա հանգրվանը պետք է լինի խաղաղության, Իրական Հայաստանի գաղափարախոսության և ինքնիշխանության ամրագրումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ամփոփելով 2025 թվականը, արձանագրել ձեռքբերումները և ներկայացրել 2026 թվականի անելիքները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամփոփելով 2025 թվականը՝ պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները պատմականորեն առաջին անգամ ապրեցին մեկ ամբողջական խաղաղ տարի։ Սա, թերևս, այն մեծ և աննախադեպ ձեռքբերումն է, որ ունեցել ենք 2025 թվականին: Միաժամանակ պետք է նշել, որ այն հնարավոր է դարձել մեր կառավարության, նրա ղեկավարի և խորհրդարանի ճիշտ ու ակտիվ աշխատանքի շնորհիվ արտաքին և ներքին քաղաքական, դիվանագիտական, անվտանգային, տնտեսական և այլ ուղղություններով:

Այս համատեքստում, թերևս, անկյունաքարային էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերը, որոնք նոր էջ բացեցին խաղաղության օրակարգի կյանքի կոչման հարցում՝ նախանշելով նաև Հայաստանի համապարփակ զարգացման նոր և աննախադեպ հնարավորություններ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2026 թվականը լինելու է վերոնշյալ ձեռքբերումները գործնականում իրականացնելու տարի և, հետևաբար, շրջադարձային՝ մեր պետության և յուրաքանչյուրիս համար։

Տարին նախընտրական է՝ ակտիվ քաղաքական զարգացումներով, որոնց հանգրվանը պետք է լինի խաղաղության օրակարգի, Իրական Հայաստանի գաղափարախոսության և Հայաստանի իրական ինքնիշխանության ամրագրումը։

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս 2026 թվականի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, ներդաշնակություն և բարօրություն յուրաքանչյուրիս ընտանիքներում։

Սիրում եմ բոլորիդ,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ