![]()
«2025 թվականը ԲՏԱ նախարարության համար նշանավորվեց մի շարք կարևոր նվաճումներով»,- սոցցանցում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ըստ նախարարի՝ տարվա ձեռքբերումներից մեկը Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկն էր Հայաստանում. թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ և որակյալ կապի ապահովմամբ, արագ և հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
«Այսօր հատկապես ուրախ եմ նշել, որ ամերիկյան ընկերության հետ արդյունավետ համագործակցության և երկխոսության շնորհիվ Starlink-ը Հայաստանի՝ հիմնականում հեռավոր և դժվարհասանելի համայնքներում գտնվող դպրոցներին ավելի քան 100 տերմինալ նվիրաբերելու որոշում է կայացրել: Այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի կապի ապահովումը, կնպաստի թվային ներառմանը և կապահովի առցանց կրթության հասանելիությունը հազարավոր աշակերտների համար»,- նշել է նախարարը և մաղթել, որ անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողությունները լինեն այն ամուր հիմքը, որի վրա 2026-ին կկառուցվեն նորանոր նվաճումներ մեր պետության համար։
![]()