![]()
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի՛ հայաստանցիներ,
Յուրաքանչյուր տարվա ավարտին բոլորս մի պահ կանգ ենք առնում՝ վերանայելու անցած ճանապարհը, վերհիշելու տարվա ընթացքում մեզ բաժին ընկած ամենահիշարժան, երբեմն մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ մեր կյանքի անբաժանելի մասը դարձած պահերը։ Եվ այսօր հայացք գցելով ժամեր անց ավարտվող 2025 թվականին՝ կարող ենք վստահ արձանագրել՝ այն պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար։
2025 թվականին երկար սպասված խաղաղությունը դարձավ իրականություն։ Իսկ արդեն առաջիկա տարում մեր պարտքն է առանց ջանք խնայելու, ամենօրյա պատասխանատվությամբ և հոգատարությամբ ապահովել դրա հարատևությունն ու ամրապնդումը։
Այս տարվա տնտեսական զարգացումները՝ ձևավորված յուրաքանչյուր հայաստանցու աշխատանքի ու ներդրման շնորհիվ, իսկապես տպավորիչ էին։ Նույնիսկ փոփոխությունների այս ժամանակաշրջանում մենք կարողացանք պահպանել հարկաբյուջետային կայունությունը և հաջորդ տարվա բյուջեի նախագծով պլանավորել անհնարինը՝ միանգամից 1 տոկոսային կետով նվազեցնել բյուջեի դեֆիցիտը և միաժամանակ մեկնարկել ամենակարևոր բարեփոխումներից մեկը՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը։
Այս տոնական պահին առաջ նայելով՝ ուզում եմ բոլորիս մաղթել սեր և երջանկություն: Իսկ որպեսզի սիրո համար ստեղծենք տարածք, նախևառաջ պետք է յուրաքանչյուր առանձին պահի կարողանանք հաղթահարել զայրույթը, մեղադրանքը և ատելությունը:
Դե ինչ, սիրելինե՛րս, եկեք այս տոնական օրերն անցկացնենք ջերմ ընտանեկան միջավայրում՝ հանգստանալով և նոր ուժեր կուտակելով, որպեսզի միասին սիրով մուտք գործենք ավելի երջանիկ 2026 թվական։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
![]()