Վթարի ենթարկված մի քանի հարյուր մեքենայից ընդամենը 1․9 տոկոսն է եղել ոչ ձմեռային անվադողերով․ ՆԳՆ

Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։

«Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։

Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար, որոնց գերակշիռ մասը նյութական ելքով են եղել։ Նշված պատահարների մասնակից 1454 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 28-ի անվադողերն են եղել ամառային։

Պարեկային ծառայության աշխատակիցները համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի և անհրաժեշտ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրում գործընկերներին։

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ