![]()
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։
Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ կազմված վրացերեն կամ անգլերեն։
Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։
Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.
• Ապահովագրական պայմանագրի կողմեր
• Ծածկույթի տարածք
• Ապահովագրության առարկա
• Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
• Ապահովագրված ռիսկեր
• Ապահովագրական գումարի չափ
• Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։
Տեղեկությունը փոխանցել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը՝ հավելելով, որ ապահովագրությունը պետք է գործի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։
Վրաստանի կացության քարտ ունենալու դեպքում ապահովագրությունը պարտադիր չէ:
![]()