Ձեր ներդրումը կարևոր է ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի աշխատանքի համար. Ավինյան

Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ՝ բարեխիղճ աշխատանքային գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով, պատվոգրերով ու «Էրեբունի-Երևան-2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքային մի շարք կառույցների աշխատակիցներին ու քաղաքապետարանի գործընկեր կառույցների ներկայացուցիչներին:

«2025 թվականը Երևանի քաղաքապետարանի համար եղել է իսկապես արդյունքներով լի տարի։ Շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության, թվայնացման, առողջապահության, հանրակրթության և մի շարք այլ կարևոր ոլորտներում մենք միասին գրանցել ենք այնպիսի արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես բացառիկ։ Այս ամենը հնարավոր է դարձել ձեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության, մասնագիտական մոտեցման շնորհիվ։ Վստահ եմ, որ երևանցիները տեսնում և զգում են քաղաքում գրանցված փոփոխությունները, որոնց ետևում կանգնած եք դուք: Ձեր ներդրումը եղել է կարևոր ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի արդյունավետ աշխատանքի համար։

Այս փոքրիկ ուշադրությունը երախտագիտության նշան է ձեր նվիրվածության և հետևողականության համար։

Առջևում նոր փուլ է. 2026 թվականին մեզ սպասում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ։ Վստահ եմ, որ նույն թիմային աշխատանքով և նույն պատասխանատվությամբ մենք կգրանցենք էլ ավելի մեծ ձեռքբերումներ՝ ի նպաստ Երևանի և երևանցիների»,- նշել է քաղաքապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ