Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում

ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Պետրոսյանը աշխատանքային լուսանկարներ է հրապարակել և գրել.

«ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք եւ կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային եւ կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս շուտ վերականգնելու էլեկտրամատակարարումը նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետեւանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։

Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ պատճառված անհարմարությունների համար»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ին ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ