Հայրենասիրությունը եղել է պատերին, պլակատներին, կենացներում. չեն հասկանում՝ այն տառապելու մասին չէ. Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդի հետ կապված աղմուկը քաղաքական նպատակներ ունի: Նախարարն ասում է՝ ամեն շաբաթ հետևում է վերանորոգման աշխատանքներին, մեծ ծավալի աշխատանք է արվում, համալիրը կլինի ապահով: Ըստ նրա՝ բոլոր ցանկացողները հանգիստ կարող են այս ընթացքում էլ այցելել:

«Ամեն ինչ արվում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ աշխատանքներն ավարտված լինեն»,- ասում է նա՝ հավելելով. «Բարձրացված աղմուկը տեղավորվում է հիբրիդային պատերազմի մեջ: Թիրախները կոնկրետ ընտրված են՝ մարդկանց էմոցիոնալ կետերին հարվածելու համար, մտածված գրոհ է իրականացվում»:

Այս համատեքստում նա հիշեցնում է այն հայտարարությունները, թե իբր Ոսկեպարի եկեղեցու խաչը հանվել է, այնինչ այնտեղ ևս վերանորոգում էր:

Անդրեասյանի խոսքով՝ մեծ ուշադրություն են դարձնում մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, հուշարձանների պահպանմանը. «Մարդիկ պետք է ճամփորդեն և բացահայտեն մեր երկիրը»:

Անդրադառնալով դպրոցաշինության վերաբերյալ հնչող քննադատություններին՝ նախարարն ասում է. «Դե հայրենասիրությունը եղել է պատերի վրա, պլակատներին, կենացներում: Չեն հասկանում, որ հայրենասիրությունը տանջվելու և տառապելու մասին չէ, սեփական երկրում լավ զգալու մասին է»:

Անդրեասյանը խոսել է նաև ուսուցիչների ատեստավորման, «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի» մասին: Վերջինս ասում է՝ 2026 թվականի ավարտին կունենանք 300 դպրոց. «Մենք սովորել ենք դպրոց կառուցել, որոնք սիրում են երեխաները»:

Նախարարն ընդգծում է՝ ԿԳՄՍՆ-ն առանցքային դերակատարություն ունի խաղաղության հաստատման գործում:

Ինչ վերաբերում է Ակադեմիական քաղաքին, վերջինս շեշտում է՝ բուհերի շենքերի հետ կապված ոչինչ չեն ծրագրվում, դրանք շարունակելու են գործել կրթության և գիտության համար: Անդրեասյանը մանրամասնել է՝ ուր են հասել աշխատանքները: Ըստ նրա՝ սա մեգանախագիծ է, որը փոխելու է մեր կրթական կյանքի որակը:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ