Աբովյանի նախկին համայնքապետը համայնքին պատճառված շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը օտարել է օտարման ոչ ենթակա 916,6 քմ և 598 քմ մակերեսներով երկու հողամաս, որի հետևանքով համայնքը զրկվել է քաղաքի գլխավոր հատակագծում որպես զբոսայգի և պուրակ ներառված նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Այս մասին տեղեկացնում են Հակակառուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված տարածքները օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու հանգամանքը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Աբովյան համայնքի ղեկավարը 2016 և 2018 թվականներին կազմած որոշումների մեջ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ է մտցրել նշված հողամասերի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման լինելու մասին, որից հետո դրանք 923 հազար 100 և 2 մլն 177 հազար ՀՀ դրամով աճուրդային կարգով ապօրինի օտարվել են այլ անձանց:

Վերը նշված հանցանքների կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել:

Համայնքին պատճառված 18 մլն 914 հազար 383 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ