![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մերձևիստների» շրջանակներից վերջերս անդրադարձել են Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակարանային կարիքներին` նշելով, թե պետությունը պետք է ապահովի մեր հայրենակիցների մեծ մասի կենտրոնացված բնակեցումը մեկ կոնկրետ համայնքում:
Սա ի՞նչ է, եթե ոչ գետտոյացման և Ղարաբաղի մեր հայրենակիցների համար յուրօրինակ «համակենտրոնացման ճամբարներ» ստեղծելու կոչ:
Փաստորեն Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները լուծելու համար այս «շենշող» մտքի հեղինակը առաջարկում է Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայրում ստեղծել մեկուսացված մի տարածք, որտեղ կապրեն կոնկրետ մեկ խմբի պատկանող մարդիկ: Սա ծայրահեղ անընդունելի մոտեցում է: Տեղահանման առաջին իսկ օրերից ՀՀ Կառավարությունն ու քաղաքացիները արել են ամեն ինչ, որպեսզի մեր հայրենակիցները իրենց զգան տանը, շփվեն, ակտիվորեն մասնակից լինեն հանրային կյանքին:
Կամ այդ ինչպես են այս մտքի հեղինակները պատկերացնում, թե այդ որ համայնքում պետք է «կենտրոնացնել» մեր հայրենակիցներին, ու ո՞վ է դա որոշելու: Մեզ համար կարևոր է մեր բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը, ինչի համար Կառավարությունը մարզերում աննախադեպ ծավալների աշխատանքներ է իրականացնում:
Հիշեցնեմ նաև, որ Կառավարության վերջին նիստում ընդունվեցին Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար երկարաժամկետ վարձակալության, ինչպես նաև ինքնազբաղվածության խթանման ծրագրերը, որոնք բնակարանային ապահովման ծրագրի հետ տալու են բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր հայրենակիցները ապրեն ու արարեն իրենց հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում` ազատ լինելով ընտրել իրենց բնակության վայրը:
![]()