Չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում. Սարուխանյանն ասել է՝ ինչ որոշում կա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը չի լինի ընտրական ցուցակում:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Սարուխանյանը՝ մանրամասնելով.

«Սիրելի’ հայրենակիցներ, լրագրողներ, Շիրակի մարզի բնակիչներ և հատկապես Գյումրեցիներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման օրից ի վեր, որպես կուսակցության հիմնադիր անդամ` բարդ, պատասխանատու և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ճանապարհ եմ անցել, լինելով իմ թիմի գաղափարների, արժեքների կրողը` մշտապես պայքարել եմ Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության և արդարության վերականգնման համար։

Հեղափոխությունից հետո, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իմ առաքելությունը եղել է մեկը` ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության ամրապնդման` ամեն գնով։

Շարունակելով հավատարիմ մնալ այդ արժեքներին`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ 2026թ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրավված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին և կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում։

Ձեր զանգերին, բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան` կասեմ, որ այն արժեքները, որը դեռ 10 տարի առաջ միավորել է ինձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անփոփոխ են և իմ քաղաքական թիմի հետ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզին և հարազատ Գյումրիիս` մշտապես հոժարակամ լինելով հանուն համընդհանուր շահի` առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ