![]()
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի առանցքում 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունն էր։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը:
Քննարկումները ևս մեկ անգամ հաստատել են, որ համալսարանը գործում է հստակ ձևակերպված և հաստատված զարգացման ռազմավարության տրամաբանությամբ՝ անցնելով նախաձեռնություններից համակարգային և չափելի քաղաքականությունների իրականացման փուլ։
Նիստի ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ միջազգայնացման ուղղությամբ առաջընթացը․ Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ համագործակցությամբ տրվել է կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը նոր որակ է հաղորդում ԵՊՀ կրթական առաջարկին։
Գիտական արդյունքների տեսանկյունից արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ աշխատակիցների հեղինակությամբ միջազգային գիտական շտեմարաններում հրապարակվել է 711 հոդված, ինչը վկայում է համալսարանի գիտական ներուժի և հետազոտական ակտիվության մասին։
Հաստատվել է նաև 2026 թվականի բյուջեն, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 30 տոկոս աշխատավարձի բարձրացում հինգ տարվա երկարաժամկետ պայմանագրեր ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի համար։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը շարունակելու է աջակցել համալսարանի ռազմավարական զարգացմանն ուղղված որոշումներին՝ ապահովելով կայունություն, մրցունակություն և ժամանակակից պահանջներին համահունչ զարգացում։
![]()