![]()
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցնող տարին՝ 2025 թվականը:
Նշվում է, որ 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով:
«Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.
1. տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,
2. ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը,
3. ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է՝ որպես կայունությանը նպաստող կարևոր գործոն,
4. ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կոնսենսուս Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ հատկացման շուրջ։
Առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:
Իրականացվում է Հայաստանի համար «Դիմակայունություն և աճ ծրագրի» ֆինանսավորման երկրորդ փուլը (202.5 միլիոն եվրո):
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա խոշոր միջոցառումների անցկացման հարցում.
Հայաստանն ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 2026 թ․ գարնան գագաթաժողովը հյուրընկալող երկիր,
2026 թ. մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը:
Տարին եզրափակվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումով, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված առանցքային ուղղություններով կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»,- հայտնում են ԱԳՆ-ից:
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն արտացոլում է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
![]()