Ով շնչում ա, գնդակահարում են, գլորում փոսը. Սամվել Կարապետյանն ո՞վ ա՝ ազդեցության գործակալ. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ Ռուսաստանում Հայաստանի հանդեպ սեփականատիրոջ անհիմն զգացում ունեն, որը բնազդի մակարդակի է իջել:

Վերջինս կարծում է, որ սրա համար առիթ է տվել հայության միջի «արմյաշկեն», որ ՌԴ-ն իրենց սեփականատերն է:

«Ռուսաստանը մաշված շոգեքարշի է նման, շպալները քանդված, թող իրենց դարդով զբաղվեն: Նենց են խրվել ցցի վրա, որ շնչահեղձ են լինում: Ճար ունեք՝ ձեզ փրկեք: Պուտինը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին, կլանին էլ հետը հանձնեց»,- ասում նա:

Վերջինս կարծում է, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանը բոլորովին այլ իրականության մեջ է հայտնվել. «Անցում է լինում ռուսական ստրկությունից»:

Անդրադառնալով իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին՝ զրուցակիցը նկատում է. «Ո՞վ է Սամվել Կարապետյանը՝ ռուսականացած օլիգարխ է, որը գումարներն աշխատել է ոչ մաքուր ձևով: Իրենք ռուսական ազդեցության գործակալներ են: Բոլոր ռադիկալները պետք է ձերբակալվեն: Էսքան բան տեսնելուց հետո մեր ժողովուրդն էլ Սամվելին էր սպասում, հա՞: Սամվել-մանվել, դրանք մանր-մունր բաներ են, ոնց եկել են, նենց էլ գնալու են»:

Մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման անդամների այն հայտարարությունները, թե Հայաստանում համատարած ամենաթողություն է, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահն ասում է. «Բեսպրեդելը ՌԴ-ում է, ով շնչում է, գնդակահարում են: Պուտինը հերթով խայտառակ է անում՝ մեդալ տալով կաթողիկոսին, Եզրասին, Արա Աբրահամյանին, Ռուբենին ուղարկեց Բաքու: Ում շքանշան է տալիս, հաշվեք գնաց փոսը, անդունդը, փուռն է տալիս»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին, Լևոն Շիրինյանը նշում է. «Կաթողիկոսի հարցը պետք է վաղուց լուծված լիներ, հավաքեին պրծնեին: Քրեական օրենսգիրքը պետք է գործի դնել, մեր ժողովուրդը դա հաճույքով կընդունի: Եկեղեցին պետք է վերադառնա մեզ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ