Հայկ Մարությանը հայտնվել է կենաց ասել չիմացող Նորոյի կարգավիճակում

Երևանի նախկին քաղաքապետ, կոմիկ դերասան Հայկ Մարությանը Նոր տարվա եռուզեռի արանքում ժամանակ է գտել, սափրվել, սանրվել է ու, օգտվելով առիթից, որ սափրված-սանրված է՝ մեքենայով ընթացքի ժամանակ՝ «պա պուծի», եթեր է մտել ու աչքալուսանք տվել՝ մասնակցելու է «մյուս տարվա»՝2026-ի ԱԺ ընտրություններին։ Այն էլ՝ սեփական թիմով։ Քաղաքականությամբ «պարապ վախտ», «ձեռի հետ», «ոտի վրա» զբաղվող Մարությանը, նկատենք, իր՝ մի քանի րոպեանոց տեսաուղերձում ավանսով հեգնել է բոլոր նրանց, ովքեր լուրն առնելուն պես ստիպված էին լինելու վերհիշել դերասան-քաղգործչի անցած ուղին, թողած հետքը, ունեցած կապերն ու գերագնահատված ամբիցիաները։ «Բնականաբար, հեսա ՔՊ-ն իրա ֆեյքերի ֆաբրիկան, զավոդը խոդ ա տալու, ո՞նց, Հայկը, ախր, Քոչարյանի հետ ա հանդիպել, Ռուսաստանի շպիոնն ա, ավելի շուտ՝ Չեխիայի շպիոնն ա, սաղ տները ընդեղ ա, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, սաղին ազատել ա բանակից, չնայած որ կեսը աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան։ Կապ չունի, սաղին ազատել ա, էն կլոունը, մեյմունը․․․Մի խոսքով, խոդ եք տալիս էդ ամեն ինչը, էն ա՝ ադրբեջանական բենզինը ստացել եք, դրանով լավ ա ոնց որ խոդ ընգնում ձեր էս սաղ ֆեյքնյուզերը։ Խոդ տվեք, մինչև էս տոները անցնի, մենք էլ տենանք՝ ինչն ենք անում։ Հա, հա, հա, հա (լայնարձակ ժպիտ և ծիծաղ-խմբ)»։

Մարությանին լսելիս, անկեղծ ասած, հիշեցինք «հին ու բարի ժամանակներում» նկարահանված հայտնի «սքեթչը»՝ կենաց ասել չիմացող Նորոյի մասին։ Նորոն, որին, ի դեպ, կերտել է հենց Մարությանը, ընկերոջ ծնունդի ժամանակ կենաց ասելու փոխարեն որոշում է ասել դառը ճշմարտությունը։ Թե՝սեղանի շուրջ հավաքված ընկերներից որն ինչ նպատակով է ամուսնացել, քանի անգամ է դավաճանել կնոջը, քանի աղջիկ է այդ հանգամանքի բերումով «սամասվալ արել», ինչքան փող է կազինոյում «կրվել» և այսպես շարունակ։ Երբ ընկերոջ կենացի արդյունքում խայտառակ եղած հոբելյարը սրտնեղում է, թե՝ «քո ասածը քեզ դուր եկա՞վ», Նորոն հակադարձում է՝ «ասում էի, չէ՞, որ կենաց ասել չգիտեմ․․․»

«Նորո» տեսակը կերտած նախկին քաղաքապետն, արդ, խոսելով ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին և այն համեմելով հեգնական, էժանագին զեղումներով, զբաղված էր նորոյավարի կենաց ասելով, միայն թե՝ այդ կենացն իր մասին էր, ասել կուզի՝ ինքնակենաց էր։ Մարության քաղաքական գործչի մասին՝թերևս այսքանը։

Արդ դառնանք նրա թիմին ու ստեղծած քաղաքական ուժին, որով էլ մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Այդ ուժը, ինչպես հայտնի է, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն է, որը Մարությանը գրանցել է 2024 թվականին։ Թե ինչով է զբաղվել այս կուսակցությունն այս ողջ ընթացքում, քանի տարածքային կառույց է բացել, քանի անգամ է հանդիպել իր պոտենցիալ ընտրողների հետ, նրանցից քանիսի խնդիրներ է գույքագրել՝ հայտնի չէ։ Սա մի ուժ է, որը, կարելի է ասել, Մարության արտիստի քաղաքական ամբիցիաներն իրացնելու նպատակով է ձևավորվել, այլապես նախկին քաղաքապետը ստիպված էր լինելու այս կամ այն կուսակցության դուռն ընկնել ու խնդրել իրեն առաջադրել որպես վարչապետի թեկնածու՝ կարգելով ցուցակի առաջին հորիզոնականում։ Մարությանի կարճատև, բայց անփառունակ վախճան ունեցած քաղաքական կարիերայում հաջողությունը մեկ անգամ է թակել նրա դուռը՝ 2018-ին, երբ առաջադրվեց Երևանի ավագանու ՏԻՄ ընտրություններում՝գլխավորելով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, դառնալով Երևանի քաղաքապետ։ 2023-ի Երևանի ՏԻՄ ընտրություններում արդեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքած Մարությանը վերստին քաղաքապետ դառնալու իր փափագը փորձեց իրացնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունն օգտագործելով, բայց այդպես էլ նրա մուրազը մնաց անկատար։ Նրան ոչ միայն չհաջողվեց գլուխ բերել իր՝ քաղաքապետ դառնալու պլանը՝ գործակցելով «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի ու «ՖՍԲ-ի բարձրախոս» Անդրանիկ Թևանյանի հետ, այլև ավագանու որոշմամբ զրկվեց ավագանու անդամի մանդատից՝ լքելով քաղաքապետարանը։ Այս ձախողմանը, ի դեպ, հաջորդեց հերթական ֆիասկոն, երբ Երևանի նախկին քաղաքապետը որոշեց դերասանի մասնագիտությունը համատեղել մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի ակցիաներ համակարգելով։ Այս քաղաքացիա-քաղաքական ակտն էլ, ի դեպ, մի քանի օրվա կյանք ունեցավ՝ «հանգստի կարգելով» Մարությանին էլ, նրա բոյկոտչի պարտնյորներին էլ։ Սա Մարությանի քաղաքական ակտիվության վերջին դրսևորումն էր, որից հետո վերջինս կպավ իր հիմնական գործին՝ թատերական ներկայացումներին։

 

Ինչպես երևում է՝ ի դեմս դերասան Մարությանի՝ գործ ունենք ձախողակ քաղգործչի հետ, որը, փաստորեն, համայնքային մակարդակում ձախողելուց հետո հավակնում է ընդլայնել իր ձախողման արեալը՝ ձգտելով համապետական մակարդակի ձախողակի կարգավիճակին։ ԱԺ ընտրություններին կես տարի է մնացել, կապրենք, կտեսնենք, կհամոզվենք։

 

Ի դեպ, մենք նախորդիվ առիթ ունեցել ենք անդրադառնալ «Նոր ուժ»-ի թշվառությանը՝ դրա ղեկավարի պերճ ունեցվածքի ֆոնին։ Կուսակցության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2024 թ. տարեկան հաշվետվությունը ուղղակի խղճահարություն է հարուցում, դրանում նշում չկա ոչ կուսակցության դրամական շարժի՝ մուտքերի, ելքերի, ոչ էլ գրասենյակների, այլ գույքերի կամ գործարքների մասին։ Այսինքն՝ նախկին քաղաքապետը արդարադատության նախարարությունում կուսակցությունը գրանցել ու մի կողմ է քաշվել՝ թողնելով, որ այն ինքն իրենով յոլա գնա։ Ի տարբերություն կուսակցության՝ բավականին պերճ է նրա՝ որպես կուսակցության վարչության նախագահի, ԿԿՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Հումորիստը հաշվետու տարվա սկզբում թվով 33 անշարժ գույք է հայտարարագրել, որոնց մեծ մասը գնել է տարբեր տարեթվերի։ Վերջինը՝ 2023-ին։ Հայտարարագրված գույքերը նրան են պատկանում միանձնյա, բաժնային, մեծամասամբ՝ համատեղ սեփականության իրավունքով։ Մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում 28 գույք ունի նախկին քաղաքապետը (հողամաս, ավտոկայանատեղի, անհատական բնակելի տուն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք), 3 գույք՝ Ավստրիայի Հանրապետությունում, մասնավորապես 1 բնակարան, 1 առանձնատուն էլ՝ Հայաստանում։ Հաշվետու տարում Մարությանը հրաժեշտ է տվել Չեխիայում գտնվող հողամասերից մեկին՝ այն վաճառել է CZK 3,250,000-ով, Նորայր Ջավուկցյանին։ Տպավորիչ են մասնավորապես Մարությանի եկամուտները, որոնք գոյացել են 24 տարբեր աղբյուրներից։ Դրանց մեծ մասը Չեխիայի գույքերը վարձակալության տալու դիմաց ստացված վճարներ կամ հատուցումներ են։ Որպես եկամուտ երիտքաղգործիչը հայտարարագրել է 75 մլն 727 հազար 810 դրամ շահաբաժին «ԱԱԱ ՊՐՈՋԵՔՏՍ» ՍՊԸ-ում, ինչպես նաև «Նիկիտա Մոբայլ»-ից ստացած 6 մլն 259 հազար 869 դրամ։ Մարությանի եկամուտներն ընդհանուր կազմել են 311 մլն 947 հազար 745.91 դրամ։

Այսքան միլիոնի մեջ, փաստորեն, քաղաքական ճոխ ամբիցիաներ ունեցող արտիստը գոնե մի քանի կոպեկ չի բաշխել սեփական կուսակցությանը՝ մարզերից մեկում գեթ մեկ գրասենյակ վարձակալելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ